1999 թվականից ի վեր ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարված է Սևանա լճի օր:
Այս տարի օգոստոսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր միջացառումներ` նվիրված Սևանա լճի պահպանությանը, որը կազմակերպել էր «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում: Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Միջոցառումներին ներկա էին շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ:
Օրը սկսվեց Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան և Դրախտիկ համայնքներում, որտեղ կազմակերպվել էին մաքրապատման աշխատանքներ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից:
Մաքրապատման աշխատանքներին միացել էին Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-12-րդ դասարանների և Գեղարքունիքի մարզի Դրախտիկի և Ճամբարակի միջնակարգ դպրոցների սաները: Յուրաքանչյուր դպրոցից մինչև 20 աշակերտ ներգրավվել էր աշխատանքներին:
«Ուրբան» հիմնադրամի կողմից ներկայացվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց՝ բարձրացնելու իրազեկումը երիտասարդների շրջանակներում։
Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի ընթացքում պատրաստված ուսուցողական նյութեր՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ, շապիկներ, գլխարկներ և այլն, որից հետո սկսվեցին մաքրման աշխատանքները:
Աշխատանքներից հետո կազմակերպվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև Սևանա լճի արդի խնդիրների և լուծումների մասին քննարկում աշակերտների և ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանի միջև:
Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկում ծավալվեց Սևանա լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրների և լուծումների շուրջ։ Քասախի և Դրախտիկի դպրոցի աշակերտները իրենց հարցերն ու առաջարկությունները ուղղեցին փոխնախարարին և «Սևանի ընկերներ» ծրագրային թիմի ներկայացուցիչներին։
Փոխնախարարը երեխաների հարցերին պատասխանելիս կարևորեց և ընդգծեց Սևանա լճի նշանակությունը ոչ միայն բնապահպանական, այլև որպես խմելու ջրի բացառիկ պաշար: Արամ Մեյմարյանը ներկայացրեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված ՀՀ Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, խոսեց ընթացիկ աշխատանքներից՝ անդրադառնալով ձկնապաշարի վերականգնման և մաքրման կայանների տեղադրման հարցերին։ Փոխնախարարը կարևորեց նաև միջոցառումներին հատկապես երիտասարդ սերնդի մասնակցությունը, քանի որ նրանք են այն օղակը իրենց ընտանիքներում, համայնքում ու շրջապատում, որ պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահեն շրջակա միջավայրի պահպանությունը։
Քննարկումը եզրափակվեց ընդհանուր որոշմամբ, թե ինչ կարող է անել յուրաքանչյուր ոք՝ նպաստելու Սևանա լճի էկոհամակարգի բարելավման համար։
Միջոցառումների շարքն ավարտվեց Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում, որտեղ տեղի ունեցավ «Սևանի աղերսը» էկոկրթական թատերական ներկայացումը: Այն պատրաստվել է «Արեգունի» ՀԿ-ի կողմից «Սևանի ընկերներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ն Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագրի ներքո։
«Սևանի աղերսը» թատերական ներկայացման նպատակն է հանդիսատեսին ներկայացնել Սևանի հիմնախնդիրները բեմադրության միջոցով։ Այն տարբեր տարիքի հանդիսատեսին պատմում է Սևանա լճի հիմնախնդիրների մասին: Ներկայացման ավարտին խնդիրները ամփոփվում են հանդիսատեսի հետ ինտերակտիվ կերպով:
Արդեն մեկ ամիս է անցել էկոկրթական թատերական ներկայացման պրեմիերայից, որն արդեն հասցրել են սիրել Գեղարքունիքի մարզի թե՛ փոքրիկները և թե՛ մեծահասակները: Ներկայացումը դիտել են շուրջ 300-350 և ավելի երեխաներ և ծնողներ Ճամբարակից և Լճաշենից: Իսկ սեպտեմբեր ամսվա ընթացքում ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի ութ համայնքներով:
Թող այս օրը մեզ հիշեցնի գետերի ու լճերի մաքրության կարևորության մասին: Սիրենք մեր հայրենիքն ու Սևանա լիճը, գիտակցենք դրա դերի կարևորությունը մեր կյանքում։
Սևանա լճի ապագան մեր ձեռքերում է»,- նշված է գրառման մեջ: