Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակում:
«Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը:
Նա դեսպանների քայլը գնահատել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռ ավարտված չէ»:
Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում: «Նրանք մեզնից 30 տարի են խլել: Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ քամահրանք արտահայտեցին»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կեղծավոր և ամոթալի են։ Մեզ համար այլևս նման հաստատություն չկա։ Մինսկի խումբը կազմակերպություն է, որն ինքնասպանություն է գործել, այն արդեն պատմություն է»,- հավելել է Հաջիևը: