Սարչապետ խոշորացված համայնքում շինարարական եռուզեռ է։ Գրեթե բոլոր բնակավայրերում մեկնարկել են մոտ 364 մլն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։
Նորաշենում ներբնակավայրային 5 ճանապարհ է տուֆով սալարկվում, արժեքը՝ 65 մլն դրամ: Պրիվոլնոյե բնակավայրում բարեկարգվում է 2021-ին սուբվենցիոն ծրագրով վերանորոգված մանկապարտեզի տարածքը, նաև ձեռք կբերվի անհրաժեշտ գույք:
Հովհաննես Ավետիսյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Հիմնականում բոլոր շինհրապարակներում աշխատանքները կատարվում են որակով, սահմանված ժամկետներում։
Բորիս Բարոյան (Սարչապետ համայքնի ղեկավար) - Այս տարի սուբվենցիաները բավականին շատ են տարբեր համայնքներում։ Որակի խնդիր չունենք, շինարարները շատ բարեխիղճ իրենց աշխատանքը կատարում են։
Սարչապետ բնակավայրում տուֆ քարով սալարկման միջոցով հիմնանորոգվում են 1-ին, 7-րդ և 9-րդ փողոցները, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհները:
Ալբերտ Մխոյան (Սարչապետ համայնքի բնակիչ) - Չէինք կարում մարդ տանենք թաղենք, ճանապարհ չկար։ Հմի նոր սկսել է արդեն աշխատելը։ Էն ճանապարհը շատ լավ սարքել են, էս երկու ճանապարհը սարքում են գյուղի մեջ․ դրանից ավել ի՞նչ կա մեզ համար:
Բնակավայրի՝ 1970 թվականին կառուցված մշակույթի տունը 15 տարուց ավելի չի գործում, շենքը հիմա նորոգվում է սուբվենցիոն միջոցներով:
Բորիս Բարոյան - Մշակույթի տունը կարևոր է էնքանով, որ տարբեր առաջարկներ են եղել՝ միջոցառումներ, բան, վատ վիճակի պատճառով չեն կարեցել անել: Բնակիչների համար մեծ նշանակություն կունենա, պարի խմբակներ կլինեն, տարբեր միջոցառումներ կլինեն, հաստատ պետք է ժողովրդին։
Մարզի Մեծավան խոշորացված համայնքում էլ 395 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում։ Տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային ճանապարհները, բարեկարգվում է զբոսայգին, կառուցվում է մանկական խաղահրապարակ։ Բնակավայրի մարզադահլիճի համար ձեռք կբերվի գույք, կպարսպապատվի և կսալարկվի բակը: Աբովյան փողոցում կկառուցվի ջրահեռացման համակարգ և սելավատար, կհիմնանորոգվի կոյուղին, կարդիականացվի մի շարք փողոցների լուսավորության ցանցը։
Հովհաննես Ավետիսյան - Մենք ունեցել ենք համայնքներ, որոնք իրենց բյուջեի սղության պատճառով հնարավորություն չեն ունեցել մասնակցելու որևիցե ծրագրի։ Խոշորացման արդյունքում հնարավորություն են ունեցել մասնակցելու տարատեսակ սուբվենցիոն ծրագրերի և համայնք-կառավարություն-պետություն համատեղ ներդրման արդյունքում այս պահին գրեթե բոլոր նմանատիպ բնակավայրերում իրականացվել են մի շարք մեծ շինարարական աշխատանքներ։
Շինպատասխանատուները վստահեցնում են՝ աշխատանքները որակով են կատարվում, որ կառուցածն ու նորոգածը բնակիչներին երկար ծառայի։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան