Չինաստանի իշխանությունները լուրջ նախազգուշացում են անում Թայվանում իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությանը (ԺԱԿ)՝ ամերիկացի քաղաքական գործիչների՝ Թայբեյ հաճախակի դարձած չարտոնված այցերի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետական խորհրդին կից Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը։
«Չինաստանը վճռական բողոք է հայտնում ամերիկացի սենատոր Մարշի Բլեքբեռնի՝ կղզի կատարած այցի կապակցությամբ: Մենք լուրջ նախազգուշացում ենք անում ԺԱԿ-ին։ Սադրանքների և, այսպես կոչված, Թայվանի անկախության համար օտարերկրյա քաղաքական ուժերի աջակցությունը ստանալու փորձերն անխուսափելիորեն դատապարտված են ձախողման»,- նշված է հայտարարության մեջ:
Պաշտոնական ներկայացուցիչը հստակեցրել է, որ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների ոչ պաշտոնական ուղևորությունները Թայբեյ լրջորեն խախտում են երկու երկրների երկկողմ պայմանավորվածությունները և հակասում են «մեկ Չինաստանի» սկզբունքին: