Շիրակի մարզում ցածրադիր հատվածներում սկսել են հացահատիկի բերքահավաքը։ Բարձրադիր հատվածներում էլ անասնակերն են սկսել քաղել։
Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատու) - Այս տարի Շիրակի մարզում իրականացվել է 12 700 հա ցորենի ցանք, շուրջ 19 000 հա գարնանացան։ Կախված տարածաշրջանից հողերի որակից՝ ջրդի է թե անջրդի, տարբեր է, ընդհանուր առմամբ, և՛ գարնանացան մշակաբույսերի, և՛ աշնանացան ցորենի բերքատվության աճը։
Մայիսյանցի Ներսիսյանները գարին արդեն քաղել են, հիմա ցորենի բերքահավաքն է։ Մասնագիտությամբ իրավաբան երիտասարդ ֆերմեր Արման Ներսիսյանն ասում է՝ արդյունքից դժգոհ չեն։
Արման Ներսիսյան (ֆերմեր) - Մոտ 15 հա ցորեն, 3-5 հա գարի: Գարին քաղել ենք, ցորենը դեռ ամբողջությամբ չենք քաղել: Միջինը 50-60 ցենտներ բերքատվություն. դժգոհ չենք:
Այս տարի օգտվել են ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական սուբսիդովորման ծրագրից։ Իսկ նախորդ տարի օգտվել են ցորենի խթանման պետական աջակցության ծրագրից, ձեռք են բերել բարձրորակ ցորեն՝ պետության՝ 50 տոկոս սուբսիդավորմամբ։
Արման Ներսիսյան - Մոտ երկու տարի առաջ պետությունից «Սուպերէլիտա», եթե չեմ սխալում, «Կրասնադար-99», էս տարի էլի «Սուպերէլիտա» ենք ցանել պահած, արդեն «էլիտա» ենք վաճառելու: Տեղավորելու հարմար տեղ ունենք, զտում ենք ցորենը և հետո վաճառում ենք որպես սերմացու։
Մտադիր են հաջորդ տարի ավելի շատ ցանել։ Շիրակի մարզում ցորենի և գարու ցանքատարածությունները քիչ են, չնայած, որ պետական աջակցության ծրագրերը շատ են եղել. ասում է մարզի գյուղվարչության պետը։
Ռոման Համայակյան - Նախ նշեմ, որ 2021 թ. գործում էր ցորենի խթանման պետական աջակցության ծրագիրը, ձեռք բերվել առաջին վերարտադրության սորտերի սերմացու շուրջ 1200 տոննա, որն իրացվել է։
Տեղյակ ենք, որ մարզում այս տարի շուրջ 5000 հողօգտագործող օգտվել է ազոտական, կալիումական պարարտանյութի սուբսիդավորման ծրագրից:
Այս տարի մարզի ցորենի պաշարները մի փոքր պակասել են, բայց բավարար են ոչ միայն մարզի, այլև հանրապետության տարբեր շրջաններ մատակարարումներ իրականացնելու համար, ասում է Համայակյանը։