Քաղաքական կառույց, որն ավելի վերահսկելի է լինելու և հաշվետու է դառնալու խորհրդարանին: Այսպես է Կառավարությունը հիմնավորում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը:
Նոր կառույցի տանիքի ներքո միավորվելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Միգրացիոն ծառայությունը: Նախագիծը հեղինակած գերատեչությունում վստահեցնում են՝ այս կերպ կառավարումն առավել արդյունավետ կդառնա:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Քաղաքականության մշակումը, քաղաքական պատասխանատվությունը կկրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի, իսկ ծառայողական գործունեության համար պատասխանատուն, այսինքն՝ ամենօրյա ռեժիմով մենեջմենթը, ղեկավարումը կապահովեն տվյալ ծառայությունների ղեկավարները՝ ի դեմս ոստիկանության պետի, փրկարար ծառայության պետի ու միգրացիոն ծառայության տնօրենի:
Այս դեպքում կառույցի ղեկավարը կարող է լինել կառավարող թիմի անդամ՝ կուսակցական։ Բայց որ նրա՝ ի պաշտոնե տեղակալները՝ հատկապես իրավական բլոկի, քաղաքական իշխանությունից ուղիղ կախվածության մեջ չլինեն, պետք է հստակ սահմանվեն նախարար-ստորաբաժանման ղեկավարներ հարաբերությունները՝ ընդգծում է իրավապաշտպանը: Արթուր Սաքունցը դրական է գնահատում խորհրդարանական վերահսկողության ապահովումը, բայց կողմ է քննարկումների արդյունքում առաջարկված այն մտքին, որ նոր նախարարության կազմում ոստիկանապետի պաշտոնը նշանակովի չլինի, նա ընտրվի մրցութային կարգով՝ ինչպես, օրինակ, Հակակաոռուպցիոն նախագահի ընտրության դեպքում էր.
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան) - Ի վերջո, բարեփոխումների արդյունքը պետք է լինի այն, որ իրավապահ մարմինների կողմից գործառույթները չլինեն քաղաքական իշխանության կողմից հրահանգավորված, այսինքն՝ պետք է իրավապահ մարմինների այդ խրոնիկ հիվանդությունը, որ ունենք, և կասկածները, որ իրավապահ մարմինները գործում են, ոստիկանությունը տվյալ դեպքում գործում է ըստ քաղաքական նպատակահարմարության, այդ խնդիրը պետք է ի վերջո լուծվի: Եթե չլուծվի, ուրեմն, ըստ էության, բարեփոխման արդյունավետության կամ տրամաբանության մասին խոսելն ավելորդ կլինի:
Ոստիկանությունն այժմ վարչապետին ենթակա մարմին է, դեռ 2002-ից այն դադարեց գոյություն ունենալ որպես Ներքին գործերի նախարարություն: Հին մոդելին վերադարձը, ըստ Արփինե Սարգսյանի, չի նշանակում թե վերականգնվելու են 90-ականների բարքերը, երբ ոստիկանությանը քննադատում էին քաղաքականացված ու կուսակցականացված լինելու համար: Արդարադատության փոխնախարարը հստակեցնում է՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ նրանք չեն լինելու ու չեն օգտվելու նախարարի տեղակալին վերապահված լիազորություններից:
Արփինե Սարգսյան - Այս մոտեցումը կարմիր թելով անցնում է փաթեթի 35 օրենքների տրամաբանության շրջանակներում, և շատ հստակ է. թե՛ ոստիկանապետը, թե՛ փրկարար ծառայության տնօրենը չեն զբաղեցնում քաղաքական պաշտոն, և նրանց համապատասխան նշանակումները կատարվելու են վերաբերելի օրենքներով սահմանված չափանիշների պահպանմամբ, այսինքն՝ ոստիկանապետը համարվում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, նույն ռեժիմով, ըստ էության, փրկարար ծառայության պետն է լինելու:
Իրավական ակտերի միասնական կայքում նախագիծը տեղադրվել է հուլիսի 25-ին, առայժմ փաթեթին ընդամենը երկու քաղաքացի է կողմ քվեարկել: Հիմնավորումների մեջ, ըստ Սարգսյանի, նշվում է նաև միջազգային փորձը, ասում է՝ աղետների ու ճգնաժամային իրավիճակների դեպքում մեկ կետից կառավարում ապահովելն ավելի արդյունավետ է լինում, բացի դրանից՝ օպտիմալացվում է համակարգը՝ ոստիկանությունում ու փրկարար ծառայությունում կրկնվող գործառույթներով ստորաբաժանումները միավորվում են: Կրճատումները կլինեն՝ հաստատում է, բայց սկզբում երեք կառույցում էլ աուդիտ կանցկացվի:
Արփինե Սարգսյան - Անցումային ժամանակահատվածում այդ մարմինները, բնականաբար, պետք է վերանայեն իրենց հաստիքային միավորների թիվն ու վարչապետի համապատասխան որոշմամբ պետք է հաստատվի հաստիքային միավորների նոր թիվ:
Սա թույլ կտա վերանայել աշխատավարձային քաղաքականությունը՝ ապահովելով բարձր սոցիալական երաշխիքներ՝ նկատում է փոխնախարարը: Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի նաև հասարակական դիտորդների խումբ, ինչն արդեն, ըստ իրավապաշտպանի՝ կարևոր վերահսկողական գործիք է: Արթուր Սաքունցը, սակայն, մտահոգված է, ասում է՝ բարեփոխումներից դուրս են մնում սահմանային վերահսկողության հարցերը: Ըստ նրա՝ այժմ «Զվարթնոցում» ու հայ-իրանական սահմանին, անձնագրային ստուգումն թեև իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, նրանք Ռուսաստանի սահմանապահ զորքերի իրավասության ներքո են:
Արթուր Սաքունց - Նման բարեփոխումը, որը կլիներ ներքին գործերի նախարարության գործառույթի շրջանակում, կլիներ նաև այդ սահմանային ռեժիմի ստուգումը, փաստաթղթային ստուգումը, հնարավարություն կտար ամբողջությամբ վերահաստատելու կամ ամրագրելու Հայաստանի ինքնիշխանությունը իր սահմանային ռեժիմի ստուգման առումով, բայց, ցավոք սրտի, այդ մասը չի արվում:
Իրավապաշտպանի դիտարկմանը, նախարարությունից արձագանքում են՝ սահմանային ռեժիմի պահպանության գործառույթները ոստիկանությանը վերապահելու հարց ընդգրկված էր կառույցի ռազմավարության մեջ որպես քննարկելի տարբերակ:
Բայց պատերազմից հետո հաշվի առնելով երկրում անվտանգային միջավայրի ապահովման տեսանկյունից սահմանային անցման կետերի դերն ու նշանակությունը՝ այս փուլում նպատահարմար չի համարվել գործառույթները ոստիկանությանը վերապահելը: Գործադիրում կարծում են՝ փաթեթը խորհրդարան կհասնի արդեն աշնանը:
Ըստ նախագծի՝ նախարարության առանցքային օղակների ձևավորումը կավարտվի 2023 առաջին կիսամյակում: