Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագաի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում: Հաջիևի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կեղծավոր և ամոթալի են։
«Մեզ համար այլևս նման հաստատություն գոյություն չունի։ Մինսկի խումբը կազմակերպություն է, որն ինքնասպանություն է գործել, այն արդեն պատմություն է»,- հավելել է Հաջիևը:
Իրանից Հայաստան արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 37 տոկոսով՝ հասնելով 560 միլիոն դոլարի՝ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին: Նա հավելել է, որ Թեհրանը մտադիր է կրկնապատկել այդ ցուցանիշը։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը անվտանգ և հուսալի կամուրջ է ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև առևտրային հարաբերություններ հաստատելու համար։ Զոհուրիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջպետական հանձնաժողովի օրակարգում մի շարք կարևոր նախագծեր կան։
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ռուսական և ուկրաինական կողմերը հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով: ՌԴ ՊՆ տվյալով՝ ուկրաինական զորքերը պարբերաբար կրակ են բացում ԱԷԿ-ի ուղղությամբ, Վոլոդիմի Զելենսկու համոզմամբ՝ աշխարհին ռադիացիոն աղետ է սպառնում, քանի դեռ ատոմակայանը չի վերադարձվել Կիևի վերահսկողության ներքո:
Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ այժմ գործում են ԱԷԿ-ի երկու էներգաբլոկ։
«Մյուս չորս էներգաբլոկում պլանային վերանորոգում է իրականացվում։ Էլեկտրաէներգիան այժմ մատակարարվում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ»,- մանրամասնել է պաշտոնյան։
Նախօրեին Էմանուել Մակրոնը տեղեկացրել էր, որ Ֆրանսիան անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ կայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության համար, որի փորձագետները կօգնեն ապահովել կայանի անվտանգությունը։ Լրատվամիջոցների տվյալով՝ մասնագետները Զապորոժիե կմեկնեն արդեն մյուս շաբաթ։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը կարծիք է հայտնել, որ ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է ասել՝ Կոսովոն և Սերբիան Եվրոպա են։
Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 1-ին, երբ Պրիշտինան հայտարարեց սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների մուտքը Կոսովո արգելելու մասին։ Ավելի ուշ տեղական իշխանությունները ստիպված էին վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել նախաձեռնությունը։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, իր հերթին, հայտարարել է, որ այլևս չի հետաձգի տարածաշրջան սերբական համարանիշներով մեքենաների մուտք գործելու արգելքը։ Նա զգուշացրել է՝ էսկալացիայի դեպքում ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի ուժերը կհարթեն առկա խնդիրները։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Բելգրադը պատրաստ է մասնակիորեն ընդունել մուտքի փաստաթղթերի մասով Պրիշտինայի պահանջները, սակայն անցակետում պետք է փակցվի պարզաբանում, որ այս քայլը չի նշանակում Կոսովոյի անկախության ճանաչում։ Վուչիչը նշել է, որ այդ հարցում Սերբիան ԵՄ-ից համապատասխան երաշխիքներ է ակնկալում։
«Ճգնաժամը խորանում է, պետք է խաղաղ արձագանքենք, որ մեզ չմեղադրեն բանակցությունների ձախողման համար»,- ասել է նախագահը։
Ռուսական կողմը նույնպես արձագանքել է. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան երբեք չի մոռանա, որ Կոսովոն Սերբիայի մաս է։