ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը կարծիք է հայտնել, որ ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է ասել, որ Կոսովոն ու Սերբիան Եվրոպա են։
«Տարածաշրջանը պետք է արագ լուծի վիճելի հարցերը՝ հանուն միավորման և ավելի պայծառ ապագայի»,- ասել է դիվանագետը։
Ռուսական կողմն արձագանքել է Էսկոբարի խոսքերին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան երբեք չի մոռանա, որ Կոսովոն Սերբիայի մաս է։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, իր հերթին, հայտարարել է, որ այլևս չի հետաձգի տարածաշրջան սերբական համարանիշերով մեքենաների մուտք գործելու արգելքը։ Նա զգուշացրել է՝ էսկալացիայի դեպքում ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի ուժերը կհարթեն առկա խնդիրները։ Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 1-ին, երբ Պրիշտինան արգելեց սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների մուտքը Կոսովո։ Ավելի ուշ տեղական իշխանությունները ստիպված էին վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել այդ նախաձեռնությունը։