ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Թուրքիան ժամանակակից աշխարհի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ փոխանցում է հունական Greek City Times-ը:
Ելույթ ունենալով Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում՝ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան մշտական վտանգ է ներկայացնում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի համար, և չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ մարտահրավեր է նետում Հունաստանի իշխանություններին՝ սադրանքներ իրականացնելով Էգեյան ծովում:
Կոնգրեսականը Ռեջեփ Էրդողանին մեղադրել է Արևելյան Եվրոպայում և Կովկասի հարավում «պառակտիչ քաղաքականության» համար:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենաբարձր մակարդակով բանակցությունների հեռանկարը կախված է իրադարձությունների զարգացումից, դրանք հնարավոր են միայն որոշակի պայմաններում՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Բանակցությունների դադարեցման համար Դմիտրի Մեդվեդևը մեղադրել է ուկրաինական կողմին։
Նա հավելել է, որ Կիևի հրաժարվելը ՆԱՏՕ-ին անդամակցելուց այժմ անհրաժեշտ, բայց արդեն ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար, Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ։
«Ռուսաստանը չի ընտրել հատուկ ռազմական գործողության ամենակոշտ սցենարը, թեև այդ դեպքում հակամարտությունն ավելի արագ կավարտվեր»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախկին նախագահը։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Մոսկվա-Արևմուտք հարաբերություններին, հավատացրել՝ եթե եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանան վերականգնել հարաբերությունները, Ռուսաստանը դեմ չի լինի։
ՊԵՆՏԱԳՈՆԸ 182 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ RAYTHEON-Ի ՀԵՏ
Պենտագոնը 182 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել զենք արտադրող Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին. նոր փաթեթը, մասնավորապես, ներառելու է NASAMS-ի վեց համալիր։ Ամերիկյան վարչակազմի տվյալով՝ փաթեթի շրջանակում Կիևին զինեխնիկա չի տրամադրվելու ամերիկյան պահեստներից, փոխարենը Պենտագոնը համապատասխան պայմանագրեր է կնքելու զենք արտադրող կազմակերպությունների հետ։ Նշվում է, որ ամերիկյան ռազմական օգնության որոշ զինատեսակներ Ուկրաինա կհասնեն միայն 1-3 տարի հետո։
ԿՈՍՈՎՈՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՆ ԵՎՐՈՊԱ ԵՆ. ԱՄՆ ՊԱՇՏՈՆՅԱ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Գաբրիել Էսկոբարը կարծիք է հայտնել, որ ժամանակն է հրաժարվել «Կոսովոն Սերբիա է» կարգախոսից։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է ասել՝ Կոսովոն և Սերբիան Եվրոպա են։
«Տարածաշրջանը պետք է արագ լուծի վիճելի հարցերը՝ հանուն միավորման և ավելի պայծառ ապագայի»,- ասել է դիվանագետը։
Ռուսական կողմն արձագանքել է Էսկոբարի խոսքերին. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան երբեք չի մոռանա, որ Կոսովոն Սերբիայի մաս է։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, իր հերթին, հայտարարել է, որ այլևս չի հետաձգի տարածաշրջան սերբական համարանիշերով մեքենաների մուտք գործելու արգելքը։ Նա զգուշացրել է՝ էսկալացիայի դեպքում ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի ուժերը կհարթեն առկա խնդիրները։
Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 1-ին, երբ Պրիշտինան հայտարարեց սերբական համարներով և փաստաթղթերով մեքենաների մուտքը Կոսովո արգելելու մասին։ Ավելի ուշ տեղական իշխանությունները ստիպված էին վերջին 10 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ 1 ամսով հետաձգել նախաձեռնությունը։
ՉԵԽԻԱՆ ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԿՀՐԱՎԻՐԻ
Չեխիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, էներգետիկայի նախարարների արտահերթ նիստ կհրավիրի՝ տեղեկացրել է վարչապետ Պետեր Ֆիալան։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն հատուկ արտակարգ միջոցառումներ՝ լուծելու միությունում ստեղծված էներգետիկ բարդ իրավիճակը:
Լրատվամիջոցների տվյալով՝ Եվրամիությունում էներգակիրների գները սրընթաց աճում են, Չեխիայում, մասնավորապես, բարձրանում են նաև ածուխի և վառելափայտի գները։