Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։ Ձեռնարկվեցին մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։
Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։
Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվեց և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերվեց երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվեցին ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակեցին գործողությունները: Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին և նախաքննական մարմին ներկայացրին 59-ամյա ևս մեկ տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ. մեկի մեջ՝ սուբուտեքս, մյուսի մեջ՝ մեթամֆետամին:
Միջոցառումները շարունակվեցին, և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին ներկայացվեցին 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ, մեկը՝ թափանցիկ հեղուկով:
Հայտնաբերվեց նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր՝ իր օգտագործման համար: Բացի դրանից՝ նա հայտնեց, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվեց, և հայտնաբերվեց թմրամիջոցը։
Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալեցին և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին ներկայացրին ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվեցին սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ:
Ժամը 16:10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին ներկայացվեց 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների՝ հենց նա էր թմրամիջոցներ իրացնողը:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվեց, ապա կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: