Այս տարվա մարտից մինչև հուլիս մեր երկիր ժամանած 28 հազար 566 օտարերկրացի հայաստանյան բանկերում հաշիվ է բացել: Կենտրոնական բանկի տվյալով՝ հաշիվների քանակը 85 հազար 698 է: Մասնագետները սրա ազդեցությունը զգացել են տնտեսության և ֆինանսական շուկայի վրա:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Արտարժույթի շուկայում մենք տեսնում ենք որոշակի տատանումներ՝ դրամի արժևորում, արտարժույթի կուրսի նվազում, որը վերջին ժամանակներս որոշակի կայունություն է, արդեն որոշակի հավասարակշռվածություն է դրսևորում: Մյուս կողմից՝ մենք էդ ազդեցությունը տեսնում ենք նաև տնտեսության իրական հատվածի վրա՝ տնտեսական աճի ցուցանիշների առումով:
Հայաստանյան ֆինանսական համակարգին նման մեծ հոսքը հավելյալ հնարավորություններ է տալիս ամրանալու և դիմակայելու ճգնաժամերին, նաև սակագների փոփոխություն է սրա հաշվին տեղի ունենում՝ ընդգծում է Էդգար Աղաբեկյանը:
Էդգար Աղաբեկյան - Այդ հաշիվները կիրառվում են, մի կողմից, որոշակի փոխանցումներ կատարելու, մի կողմից՝ որոշակի արտարժութային փոխարկումներ կատարելու հանմար, կամ ուղղակի ընթացիկ հաշիվներ են: Նաև վերջին ամսվա մեջ՝ հունիսին, մենք տեսել ենք նախորդ տարվա նկատմամբ որոշակի էական ավանդային պորտֆելների, ոչ ռեզիդենտների կողմից ներդրված պորտֆելների որոշակի աճ բանկային համակարգում:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հայաստանյան բանկերի շահույթը եռակի աճել է: Կենտրոնական բանկից «Լուրեր»-ին հայտնեցին, թե որքանով է դա կապված ոչ ռեզիդենտների բացված հաշիվների հետ:
ՀՀ կենտրոնական բանկ - 2020 թվականի շոկերի հետևանքով վարկային ռիսկի աճը և վարկավորման տեմպերի դանդաղելը բացասաբար էին անդրադարձել բանկերի շահութաբերության վրա, և այս ֆոնին 2022 թվականին շահութաբերության վերականգնումը սպասված և բնականոն զարգացում է: Շահութաբերության բարելավմանը նպաստել է աշխարհաքաղաքական զարգացումների և նոր հաճախորդների մեծ հոսքի արդյունքում ոչ վարկային միջնորդության, մասնավորապես՝ վճարահաշվարկային ծառայությունների և արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների ծավալների աճը:
Այս վեց ամսվա ընթացքում, ըստ Ռուսաստանի վիճակագրության կոմիտեի, Հայաստան է եկել Ռուսաստանի մոտ 314 հազար քաղաքացի:
Տնտեսագետների դիտարկմամբ՝ այստեղ հաշիվ բացած ոչ ռեզիդենտների մեծ մասը հենց Ռուսաստանից է: Փաստացի ստացվում է, որ եկածների ավելի քան 9 տոկոսը հայաստանյան բանկերի միջոցով ֆինանսական գործրքներ է իրականացնում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան