Ասֆալտ անող տեխնիկան վերջապես Զվարթնոց էլ հասավ: Թաղամասն աշխուժացել է. հարթ փողոցներ ունենալու առիթով մարդիկ իրար նույնիսկ շնորհավորում են: Ուրախ են նաև երեխաները՝ խաղալիս փոսերն այլևս չեն խանգարի:
Զվարթնոցը տասնյակ տարիներ օտարված է եղել Էջմիածնից: Այդ պատճառով շատերն այն համարել են ոչ թե թաղամաս, այլ առանձին համայնք: Քաղաքի տարբեր տարիների ղեկավարներն այս թաղամասում երբեք որևէ ծրագիր չեն իրականացրել:
Աշխատողներին լավ են նայում, որ ավելի մեծ եռանդով շարունակեն գործը, կիզիչ արևի տակ ինչքան էլ հոգնեն՝ օր առաջ ազատեն իրենց կեղտից ու փոշուց: Զվարթնոցի բնակիչները երկար են երազել դուռ ու լուսամուտ բացելու, թարմ օդ շնչելու մասին: Մշտապես փորձել են միջավայրը մաքուր պահել. չի հաջողվել:
Թաղամասն ասֆալտապատվում է տեղական բյուջեի միջոցներով: Բացի Զվարթնոցից, նորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ են արվում քաղաքի ևս 14 փողոցում: Բոլորը՝ ծայրամասերում:
Արսեն Պետրոսյան (Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ) - Կոնկրետ ասֆալտապատման աշխատանքները 491 մլն-ի են` չհաշված փոսայինները, որոնք արդեն իրականացվել են: Կոնկրետ Զվարթնոց թաղամասում մի քանի փողոց ասֆալտապատվել է, այս տարի շարունակվում է, և դեռ շարունակելու ենք, որովհետև տասնամյակների խնդիրներ ունենք կուտակված:
Ասֆալտապատվող փողոցի մայթերը ևս բարեկարգման կարիք ունեն, բայց սա այս պահին առաջնահերթ խնդիրների թվում չէ: Հարցը բնակիչները դեռ կհասցնեն քննարկել, իսկ թաղամասի թոքերը կբացեն՝ կանաչապատելով տարածքը:
Էջմիածնի մեկ այլ հատվածում գործադիր-համայնք գործակցությամբ մայթերն են սալարկում: Պետության մասնակցությունը՝ 60, համայնքինը՝ 40 տոկոս է: Եթե բնակիչները սրտացավ լինեն, մասնագետների համոզմամբ՝ սալարկված մայթերը 20 տարի կդիմանան:
Էջմիածնում նաև փոսալցման աշխատանքներ են կատարվում: Լուծումը թեև ժամանակավոր է, բայց գոնե փակում է երթևեկելի հատվածի անհարթությունները: