Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ռուսական և ուկրաինական կողմերը հանդես են գալիս փոխադարձ մեղադրանքներով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ուկրաինական զորքերը պարբերաբար կրակ են բացում ԱԷԿ-ի ուղղությամբ, Վոլոդիմիր Զելենսկու համոզմամբ՝ աշխարհին ռադիացիոն աղետ է սպառնում, քանի դեռ ատոմակայանը չի վերադարձվել Կիևի վերահսկողության ներքո:
Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ այժմ գործում են ԱԷԿ-ի երկու էներգաբլոկ։ «Մյուս չորս էներգաբլոկում պլանային վերանորոգում է իրականացվում։ Էլեկտրաէներգիան այժմ մատակարարվում է ինչպես Դնեպրի ձախ ափ, այնպես էլ Ուկրաինա»,- մանրամասնել է պաշտոնյան։
Նախօրեին Էմանուել Մակրոնը տեղեկացրել էր, որ Ֆրանսիան անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ կայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության համար, որի փորձագետները կօգնեն ապահովել կայանի անվտանգությունը։ Լրատվամիջոցների տվյալով՝ մասնագետները Զապորոժիե կմեկնեն արդեն մյուս շաբաթ։