Սերբիան պատրաստ է գործնական նկատառումներից ելնելով համաձայնել Կոսովոյի պահանջներին՝ թույլ տալու վերջինիս կողմից տրված անձնական փաստաթղթերի ու ավտոմոբիլային համարների կիրառումը՝ ելնելով ազատ տեղաշարժի սկզբունքից: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նրա խոսքով՝ համաձայնությունը կձևակերպվի «պատասխանատվությունից հրաժարվելու» տեսքով, որը ենթադրում է, որ Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և որոշումը չի մեկնաբանվի որպես շեղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևից:
Միևնույն ժամանակ, Վուչիչը հայտնել է, որ Բելգրադը Եվրամիությունից երաշխիքներ է ակնկալում, որ Կոսովոյի սերբերը կկարողանան անարգել մուտք գործել և դուրս գալ Սերբիայից սերբական փաստաթղթերով:
Ավելի վաղ Կոսովոյի իշխանություններն արգելել էին Սերբիայում տրված անձնական փաստաթղթերի և ավտոմոբիլային համարների կիրառումը՝ ի պատասխանն Սերբիայում Կոսովոյի փաստաթղթերի նկատմամբ համանման արգելքին: Իրավիճակը սրվել էր հուլիսի 31-ին: