«ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ». ՊՈԴՈԼՅԱԿԸ՝ ՌԴ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը Ռուսաստանի հետ բանակցություններն անվանել է «մահվան դատավճիռ»։
«Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, Ռուսաստանը կարող է օգտագործել այդ դադարը ավելի լայնամասշտաբ հարձակում սկսելու համար»,- ասել է Միխայլո Պոդոլյակը։
Նախօրեին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր՝ եթե Կիևը պատրաստակամություն հայտնի վերադառնալու բանակցային գործընթացին, Մոսկվան կդիտարկի այդ հնարավորությունը։
ԻՆՉՊԵՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչները քննարկել են՝ ինչպես են կյանքի կոչվելու ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության վերաբերյալ հունիսին Մադրիդում ստորագրված փաստաթղթերը, և ինչպես են Ստոկհոլմն ու Հելսինկին իրականացնելու ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պահանջները։
Ֆինլանդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ բանակցությունները կշարունակվեն աշնանը։
Արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին նոր պայմաններ չի առաջադրել։
ՌԴ ՊՆ-Ն ԿԻԵՎԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ուկրաինական զորքերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Զապորոժիեի շրջանի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ատոմակայանի շրջակայքում ռադիացիայի ֆոնը նորմայի սահմաններում է։ Ուկրաինական կողմը կայանի աշխատանքի խափանման համար մեղադրում է ռուսական կողմին։
Էմանուել Մակրոնն էլ տեղեկացրել է, որ Ֆրանսիան անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ կայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության համար, որի փորձագետները կօգնեն ապահովել ԱԷԿ-ի անվտանգությունը։
ՌԴ-ԻՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ԲԱՅՐԱՔԹԱՐ
Ռուսաստանին «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը հնարավոր չէ՝ հայտարարել է թուրքական «Բայքար» ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։
«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ, իսկ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է»,- ասել է նա, հավելել՝ իր ընկերությունը «աջակցում է Կիևին»։
ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ՝ ԱՄՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. ԻՐԱՆԻ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը մեծ ջանքեր է գործադրել Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար, հավելել՝ իրանի միջուկային գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները կարող են դրական արդյունք ունենալ, եթե Վաշինգտոնը իրատեսական մոտեցում ցուցաբերի։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները սցենարներ են մշակում ինչպես միջուկային գործարքի վերականգնման, այնպես էլ այդ հարցի շուրջ համաձայնության բացակայության դեպքում։ Նրա խոսքով՝ Ջո Բայդենը միայն այնպիսի գործարք կկնքի, որը կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։