«Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալված չորս անձից մեկը առևտրի կենտրոնի փոխտնօրենն է: «Երևանի պահածոների գործարան» ընկերության տնօրենի հրամանով հենց նա է եղել ամբողջ տարածքի հրդեհային անվտանգության կանոնների պահպանության պատասխանատուն: Ձերբակալված մյուս 3 անձինք տնտեսվարողներ են: Սուրմալուի գործով դատախազական խումբը ուսումնասիրել է ոլորտը կարգավորող իրավական նորմերը, որոնք սահմանում են հրագործական արտադրատեսակների պահման պայմանները:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Պետք է այդ հրագործական արտադրատսեակները պահվեն այնպիսի հատուկ սենյակներում, որոնց պատերը պետք է ունենան 2,5 ժամ հրակայունություն, պահեստները պետք է ունենան հատուկ երկաթյա դռներ, պետք է ունենան կապի միջոցներ, անվտանգության հատուկ այլ նորմեր: Վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ կանոնները պահպանված չեն եղել:
Վարույթ իրականացնող մարմնի առջև խնդիր է դրվել պարզել՝ հակահրդեհային կանոնների պահպանման հսկողությունը ում պարտականությունն է եղել: Երկու անձ մեղադրվում է հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանք, երկու անձ՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար: Ըստ Մնացականյանի՝ մեղադրվող տնտեսվարող սուբյեկտը վարձակալած պահեստում նշված կանոնների պահպանումը ստանձնել է պայմանագրով:
Ծովակ Մնացականյան - Հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել երկու այլ տնտեսվարողի հանդեպ, ովքեր, թեպետ վարձակալության հիմունքով այդ պահեստը, տաղավարը չեն վարձակալել, բայց պահեստը օգտագործել են համատեղության կարգով: Թեև հատուկ ընթացակարգով նրանց վրա դրված պարտականություն չի եղել, սակայն ընդհանուր ընթացակարգային կանոններով, կախված վարքագծից, գործունեության ծավալից, վերջիններս կարող էին գիտակցել, որ հրավտանգ նյութերի պահեստավորումը՝ առանց համապատասխան պայմանների, կարող է հանգեցնել ծանր հետևանքի:
Քանի դեռ ընթանում է գործի լայնածավալ, բազմակողմանի քննությունը, դատախազ Մնացականյանը չի բացառում նոր մեղադրյալների ներգրավման հնարավորությունը: Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ անզգույշ հանցագործության հատկանիշներով: Հարցաքննվել է 70-ից ավելի մարդ: Գործը հսկող դատախազի խոսքով՝ թեպետ նշմարվում է միջադեպի պատկերը, բայց վարույթ իրականացնող մարմինը շարունակում է ստուգել բոլոր վարկածները:
Ծովակ Մնացականյան - Վարույթ իրականացնող մարմնի և հսկող դատախազի ներքին համոզմամբ և բավարար ապացույցների գնահատմամբ՝ պարզ է, որ խոսքը անզգուշությամբ կատարված հանրորեն վտանգավոր արարքի մասին է: Որոշ դեպքերում հանցավոր ինքնավստահության, որոշ դեպքերում՝ անփութության դրսևորում: Ունենք 4 ձերբակալված անձ, հանրային քրեական հետապնդման չորս որոշում: 2-ը ներկայացվել են հանցավոր ինքնավստահությամբ կատարված գործողության համար, 2-ը՝ անփութությամբ կատարված գործողության համար:
Արդյոք «Սուրմալուի» տարածքում, բացի վաճառքից, պահեստից, նաև հրագործական նյութերի արտադրությո՞ւն է կազմակերպվել: Նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված՝ դատախազը չի մանրամասնում, միայն նշում է, որ բոլոր վարկածներն ուսումնասիրվում են հանցագործության կանխավարկածով: