ՌԴ ՊՆ-Ն ԿԻԵՎԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ուկրաինական զորքերը մեկ օրվա ընթացքում երկու անգամ հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին՝ հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի շրջանի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել էր, որ հրետակոծության հետևանքով խափանվել է ատոմակայանից Ուկրաինա էլեկտրաէներգիայի վերջին՝ չորրորդ հաղորդման գիծը։
Ուկրաինական կողմն ատոմակայանի աշխատանքի խափանման համար մեղադրում է ռուսական կողմին։ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ելույթով, նշել՝ քանի դեռ կայանի տարածքում տեղակայված են ռուսական զինվորականները, առկա է համաշխարհային ռադիացիոն աղետի վտանգ։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հասանելիություն ստանա ատոմակայանին, այն պետք է վերադարձվի ուկրաինական հսկողության ներքո»,- նշել է Զելենսկին:
Զապորոժիեի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի ֆոնին Էմանուել Մակրոնը տեղեկացրել է, որ Ֆրանսիան անվտանգության երաշխիքներ է ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ կայանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության համար, որի փորձագետները կօգնեն ապահովել կայանի անվտանգությունը։ Զապորոժիեի ԱԷԿ հասնելու նրանց երթուղու մասին մանրամասները դեռ չեն հաղորդվում։
ՌԴ-ԻՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ. ԲԱՅՐԱՔԹԱՐ
Ռուսաստանին «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը հնարավոր չէ՝ հայտարարել է թուրքական «Բայքար» ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։
«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ, իսկ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը երկար տարիներ շարունակվում են»,- ասել է նա, հավելել՝ իր ընկերությունը «լիովին աջակցում է Կիևին»։
ՊԵԿԻՆԸ ՎՃՌԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ. ԱՄՆ-ՈՒՄ ՉԺՀ ԴԵՍՊԱՆ
Նախօրեին ԱՄՆ Սենատի անդամ Մարշա Բլեքբերնի այցը Թայվան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Վաշինգտոնը չի ցանկանում կայունություն հաստատել տարածաշրջանում և միջամտում է Չինաստանի ներքին գործերին՝ հայտարարել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը։
«Մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Պեկինը վճռական հակաքայլեր կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ սադրանքներին»,- հավելել է Լյու Պենյուն։
Նրա խոսքով՝ Թայվանի շուրջ լարվածության պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ամերիկյան կողմը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ օրենսդիրների արդեն երրորդ այցը կղզի ամրապնդում է կղզու պաշտպանությունն ուժեղացնելու Թայբեյի վճռականությունը: Այս մասին էլ հայտարարել է Թայվանի վարչակազմի ղեկավարը Մարշա Բլեքբերնի հետ հանդիպմանը։ Ցայ Ինգ Վենի խոսքով՝ նման այցելությունները հաստատում են Վաշինգտոնի աջակցությունը Թայվանին։
Սենատորը, իր հերթին, ընդգծել է, որ ազատասեր երկրները պետք է աջակցեն Թայվանին, քանի որ վերջինս ցանկանում է պաշտպանել իր անկախությունը։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՐԱՇՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Եվրոպական մի շարք երկրներում աննախադեպ երաշտը կշարունակվի ևս երեք ամիս՝ ասված է ԵՄ զեկույցում։ Նշվում է, որ հիմնականում կտուժեն Պորտուգալիան և Իսպանիան։ Իրավիճակը վատթարանում է նաև Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնի փորձագետները կարծիք էին հայտնել, որ սա ամենաուժեղ երաշտն է վերջին 500 տարվա ընթացքում։ Եվրոպայում 2022 թվականին անոմալ շոգի և անտառային հրդեհների հետևանքով տուժել է արդեն ավելի քան 662 հազար հեկտար տարածք։