Հունգարիայի ատոմային էներգիայի վարչությունը «Ռոսատոմին» թույլատրել է կառուցել «Պակշ-2» ԱԷԿ-ի հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները՝ հայտնում է Interfax-ը:
Հունգարիայի միակ ատոմակայանը՝ «Պակշը», որը գտնվում է Բուդապեշտից 100 կմ հեռու, կառուցվել է Խորհրդային Միության նախագծով, շահագործում է չորս բլոկ՝ ВВЭР-440 ռեակտորներով։ «Պակշ» ատոմակայանն այժմ արտադրում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր էներգաբլոկների շահագործման դեպքում այն կկրկնապատկվի:
Հունգարիայի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ միջուկային էներգիան երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու միջոց է: Նախագծի արժեքը կազմում է մոտ 12,5 միլիարդ եվրո: