Օգոստոսի 26-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին» սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որին ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: Արփիի համար կրկնակի ոգևորիչ է եղել միջոցառմանը մասնակցությունը, քանի որ նա այդ մարզադպրոցի սան է:
Վարչապետի տիկնոջը դիմավորել են Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանն ու Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:
Գարիկ Գրիգորյանը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում նմանօրինակ մեծամասշտաբ նախագիծ: Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով սառցե շոուում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, նաև մարզիկներ Հայաստանից:
Ըստ Գրիգորյանի՝ որպեսզի ներկայացումն ավելի ազդեցիկ լինի, և հանդիսատեսն իրեն զգա իրական հեքիաթում, վառ ու գունեղ շոու ծրագրում օգտագործվել են և՛ կրկեսային հնարքներ, և՛ գեղասահորդների բարդ ցատկեր, և՛ հատուկ պարային համարներ՝ սառույցի վրա։
Կայի ու Գերդայի ջերմ ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա ներկայացված է կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ: