Արդեն մոտ տասն օր է՝ այս հայտարարությունները երեք լեզվով հնչում են Երևանի մետրոպոլիտենի վագոններում ու կայարաններում: Կանխարգելիչ միջոցառումների, նաև ոստիկանության ուժեղացված հսկողության առիթը վերջին շրջանում կրկնվող ահազանգերն են, թե մետրոպոլիտենում ռումբ է տեղադրված: Բոլոր այն իրերն ու պայուսակները, որոնք կասկածելի տեսք ունեն կամ էլ խոշորածավալ են, ոստիկանները նախ զննում ու ստուգում են մետաղորսիչ սարքով, հետո միայն ուղևորին թույլ տալիս մոտենալ շարժասանդուղքին:
Պատճառված անհարմարությունից ուղևորները չեն դժգոհում: Հակառակը, ըմբռնումով են մոտենում և իրենց ավելի անվտանգ զգում:
Բայց որքան էլ մուտքի մոտ ստուգում է իրականացվում, ուղևորների ու մետրոպոլիտենի աշխատակիցների զգոնությունը ևս կարևոր է: Վագոնում տարօրինակ առարկա տեսնող ուղևորից ակնկալվող քայլերը հետևյալն են:
Տաթև Խաչատրյան (Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար) - «Կապ մեքենավարի հետ»: Ուղիղ կապի միջոցով պետք է կապ հաստատեն մեքենավարի հետ և հաղորդեն իրենց գտնվելու վայրը, այսինքն՝ որ վագոնում են և ինչ տեսակի իր են տեսնում իրենք:
Արդեն հետագա ընթացքը որոշում է մեքենավարը: Գործողությունների ընթացքի հերթականությունը մեքենավարինն է դառնում:
Մեքենավարն էլ պետք է շտապի կասկածելի իրի մասին հայտնել գնացքի կարգավարին: Եթե պարզվի, որ դա անվտանգ է, և ուղևորը պարզապես մոռացել է, այն կթողնեն կայարանի հերթապահի մոտ: Եթե վտանգավոր լինի, ըստ հրահանգի կհեռացվի:
Արթուր Դավթյան (Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքի մեքենավար) - Կապ չունի, եթե մենք ուղևորից չենք լսում որևիցե հաղորդագրություն, ինքներս արդեն զգոն ենք թե՛ գծում, թե՛ կայարաններում, թե՛ փակուղիներում, թե՛ հավաքակայանում: Այսինքն՝ մեքենավարի զգոնությունն ավելի է բարձրացել:
Ուղևորները ո՛չ գնացքում, ոչ էլ կայարաններում ուժեղացված հսկողության ընթացքում արտառոց իր չեն հայտնաբերել ու չեն տեղեկացրել այդ մասին:
Նուբար Խաչատրյան (Երևանի մետրոպոլիտենի կայարանի հերթապահ) - Ես ինքս էլ կասկածելի իր հայտնաբերելու, նկատելու դեպքում էլի նույն գործողություններն եմ անելու, հանձնելու եմ ոստիկանությանը, համապատասխան գործողությունները՝ իրի հետ կապված, կատարելու են ոստիկանության աշխատակիցները:
Մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի խոսքով՝ ո՛չ ռումբի մասին ահազանգերի օրերին, ոչ էլ դրանից հետո, երբ ուժեղացված ծառայություն է իրականացվում, մետրոյից օգտվողների թիվը չի նվազել:
Տաթև Խաչատրյան - Ուղևորահոսքի անկում չենք գրանցել, ամենօրյա տվյալներով, վերջին եռօրյա տվյալներն ասեմ, ամեն օր ուղևորների թիվը գերազանցում է 70 հազարը:
Մետրոպոլիտենում անվտանգության ապահովման հավելյալ միջոցառումները անորոշ ժամկետով են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան