Ցորենի ցանքատարածքների ավելացման ու բերքատվության բարձրացմանը նպաստելու նպատակով Հայաստանի կառավարությունը ֆերմերային տնտեսությունների աջակցության նոր ծրագիր է սկսում: Մասնակի կփոխհատուցեն աշնանացան ցորենի մշակության ծախսը:
Արման խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այն ֆերմերները, որոնք կօգտագործեն հավաստագրված սերմացու, մեկ հեկտարի հաշվով կստանան 120 հազար դրամ ծախսերի փոխհատուցում:
Ծրագրից կարող են օգտվել մինչև 100 հեկտար ցանքս անողները: Առաջարկ կա նաև չհավաստագրված սերմացու օգտագործողների համար՝ ասում է փոխնախարար Խոջոյանը. այս դեպքում հեկտարի հաշվով կփոխհատուցեն 70 հազար դրամ: Ծախսերի մեծ գումարով փոխհատուցումը հաշվելիս Կառավարությունը հաշվարկել է նաև սերմացուի, դիզվառելիքի ու օգտագործվող պարարտանյութերի միջազգային գների բարձրացումը:
Արման Խոջոյան - Նախորդ երկու տարիների աշնանացան ցորենի խթանման ծրագիրը սահմանափակվում էր միայն հավաստագրված սերմացուի գնի սերտիֆիկացմամբ, սակայն այս տարի մոտեցումը փոխվեց՝ պայմանավորված տարբեր ներդրանքների ծախսերի գների բարձրացմամբ: Հետևաբար՝ Կառավարությունը մեծ քայլ իրականացրեց՝ փոխհատուցելով մի քանի ծախսի բավականին մեծ մասնաբաժինը:
Ծրագիրը համայնքային է, հայտերի համար ֆերմերները կարող են դիմել իրենց բնակավայրի վարչական ղեկավարին: Նախարարությունում արդեն կանխատեսում են, թե նոր աջակցության դեպքում որքան կավելանան ցորենի ցանքատարածքները:
Արման Խոջոյան - Ծրագրի շրջանակներում ակնկալվում է ցորենի ցանքատարածությունների մինչև 25 տոկոս ավելացում: Նախորդ տարիների ընթացքում ցորենի ցանքատարածությունների մակերեսը կազմել է 57-60 հազար հեկտար, և ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ այն կավելանա մինչև 75 հազար հեկտար:
Երկրի տարեկան պահանջարկը 360 հազարից 370 հազար տոննա է, ինչի զգալի մասը՝ 270 հազարը, ներմուծվում է: Պարենային անվտանգության խնդիր Հայաստանը չունի, 2022-ի պահանջարկի ամբողջ խմբաքանակն արդեն ներկրված է: Ծրագիրն իրականացվում է ոչ միայն պարենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով, այլև՝ որ չմշակվող հողերը մշակվեն: