Վառելիքի շուկայում թերլիցաքավորումների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար կառավարող խմբակցության պատգամավորն առաջարկում է նոր գործիք ներդնել: Կլինի գազ թե բենզին՝ էական չէ, եթե տնտեսավարողը խաբեության համար տուգանվի, նրա լցակայանում՝ վարորդին տեսանելի վայրում, մեկ ամիս ժամականով կփակցվի՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակը: Գաղափարի հեղինակ Ծովինար Վարդանյանը սա առաջին հերթին որպես կանխարգելիչ գործիք է որակում:
Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տնտեսվարողը պետք է շատ ավելի զգոն լինի ու զգուշավոր, որ, օրինակ, անսարքության պատճառով չլինի թերլիցքավորումը, որը երբեմն նաև այդպես է պատահում, և ժամանակ առ ժամանակ ստուգի իր սարքավորումները, որպեսզի լիցքավորումները ճիշտ լինեն, այսինքն՝ ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում:
Օրենքի նոր նախագիծը, որն արդեն շրջանառության մեջ է դրվել, Վարդանյանի խոսքով՝ նպաստելու է նաև, որ բիզնեսն առավել թափանցիկ աշխատի: Ասում է՝ վարորդների միայն դրական արձագանք են ստացել, իսկ իրենք՝ լիցքավորման կետերի տերերը, առայժմ կողմ են արտահայտվել:
Ծովինար Վարդանյան - Իրենք էլ համարում էին, որ բոլոր անբարեխիղճ տնտեսվարողները ավելի լավ է տեսանելի դառնան, որպեսզի էդ ընդհանուր տպավորությունը որ բոլոր լցակայաններում թերլիցքավորում է տեղի ունենում դա մարդկանց մոտ մարի:
Չնայած ձևավորված պատկերացմանը՝ թերլիցքավորման դեպքերն այժմ այդքան շատ չեն՝ վստահեցնում է պատասխանատու օղակի ղեկավարը: Օրենքը փոփոխվեց, ու անցած տարվանից շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հնարավորություն ստացավ ստուգումներ իրականացնել առանց նախապես զգուշացնելու: Արմեն Կոտոլյանի խոսքով՝ անակնկալ այցերը, իհարկե, մի շրջան ավելացրին թվերը, բայց դրանք հիմա նվազման միտում ունեն: Իսկ հոկտեմբերի 20-ից թելիցքավորման դեմ պայքարում ևս մեկ նոր գործիք կաշխատի:
Արմեն Կոտոլյան (ՇՎՏՄ ղեկավար) - Բենզալցակայաններում պետք է լինեն ստուգաչափիչ տարաներ, ու էն դեպքում, երբ քաղաքացին կկասկածի, որ թերլիցաքավորում են իրականացնում, իրավունք ունի պահանջելու բենզալցակայանից տարա, խնդրել, որ նախ լիցքավորվի բենզինը էդ տարայի մեջ, որ համոզվի, որ ճիշտ են լիցքավորում, ապա էդ տարայից տեղափոխվի վառելիքը իր մեքենայի մեջ:
2020-ին տեսչականը 32 չափագիտական ստուգում է իրականացրել, բացահայտել 17 խախտում, 21-ին ստուգումների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասել է 70-ի, որոնցից 61-ն է խախտում թույլ տվել, այս տարվա 8 ամսվա դրությամբ տեսչականն արդեն 45 ստուգում է արել, բացահայտել 33 թերլիցքավորման դեպք: Վերահսկող մարմնի նախաձեռնությամբ նոր օրենքի նախագծում նաև տուգանքների չափը կվերանայվի: Առաջարկել են նախնական՝ 200 հազարի շեմ սահմանել ու դրան գումարել նաև տնտեսվարողի նախորդ եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Թե որքան՝ Կոտոլյանն ասում է՝ կորոշեն տվյալների վերլուծության արդյունքում: Տեսչականի պետը կարծում է՝ անհամաչափությունը պետք է վերացնել, գործող կարգով՝ անկախ տնտեսվարողի շրջանառության ծավալներից, մեկ խախտումը 500 հազար դրամ արժե:
Արմեն Կոտոլյան - Համ մեծերի մոտ կան խախտումներ, համ փոքրերի մոտ կան խախտումներ, բայց քանի որ բոլորի մոտ հավասար տուգանք կիրառելու դեպքում փոքրերը գնում են սնանկացման և փակվում են, իսկ մեծերի համար զսպիչ գործիք չի լինում, դրա համար որոշեցինք շրջանառությունից լինի, որ փոքր տնտեսվարողները չփակվեն ու շարունակեն իրենց գործունեությունը, իսկ խոշորների համար զսպիչ մեխանիզմ լինի:
Իսկ թե լիցքավորման կետերից որ մեկը որքան է տուգանվել, քանի ստուգման արդյունքում՝ այս ամենն էլ հնարավոր է հասանելի դառնա սպառողներին: Նախագծով առաջարկվում է բենզա- ու գազալցակայաններում, կրկին տեսանելի վայրում, QR կոդեր տեղադրել, որոնք սքանավորելով՝ վարորդն ամբողջական տեղեկություն կունենա, ու արդեն ինքը կորոշի՝ լիցքավորել մեքենան տվյալ կետում, թե ոչ: Հեղինակը հույս ունի՝ փաթեթը խորհրդարան կհասնի արդեն սեպտեմբերին՝ առաջին լիագումար նիստերին: