Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունն աճել է: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում արձանագրել է Հայաստաի վարչապետ Նիոլ Փաշինյանն ու թվերի լեզվով խոսել: 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 %՝ կազմելով 1,7 մլրդ դոլար, արձանագրել է վարչապետն ու նկատել, որ դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 %, իսկ ներմուծումը՝ 54,2 %-ով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ:
Նիկոլ Փաշինյանը մաքսատուրքերի բաշխման զգալի շեղումների խնդիրն է բարձրաձայնել, որը Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների հետևանք է: Վարչապետն անհրաժեշտ է համարել առաջիկայում բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը վերադառնալը։
ԼՈԳԻՍՏԻԿ ՈԼՈՐՏԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵԱՏՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նիկոլ Փաշինյան - Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից կարևոր ենք համարում տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան։ Ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։ ԵԱՏՄ-ի տրանսպորտային-լոգիստիկ համալիրի կառուցման համար անհրաժեշտ է համաժամանակեցնել տնտեսական քաղաքականությունը ազգային և վերազգային մակարդակներում և ապահովել ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի նախագծման ու շահագործման մոտեցումների ընդհանրությունը:
Հայաստանի ղեկավարը կարևորել է Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ կոոպերացիոն էֆեկտով ինտեգրացիոն նախագծերի խթանման հարցում։ Նոր կոոպերատիվ շղթաների ստեղծումն ու ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի օգտագործումն արդյունավետ խթան կծառայեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ անհրաժեշտ է համատեղ ջանքերով օպերատիվ շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի բարելավման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ տնտեսական աճի բարձրացմանն ուղղված միջոցառումները կապված են կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների լուծման հետ, և այս կապակցությամբ առաջնային է դառնում ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական բաղադրիչը սոցիալական և հումանիտար նախագծերով ամրապնդելու անհրաժեշտությունը։
Հայաստանի վարչապետը Ղրղզստան երեկ է մեկնել, մասնակցել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս անգամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հրավիրված էր և մասնակցում էր նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
Մինչ նիստի մեկնարկը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան