Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից պատմամշակութային հուշարձանների տեղափոխման գործընթացը: Տեղափոխվել է մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։
Լեռնիկ Հովհաննիսյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Բնակչության տարհանման պլանի համաձայն՝ երբ բնակչությունը տարհանվում է, տարհանվում են նաև մշակութային արժեքները, գրադարանային ֆոնդ, թանգարանային ֆոնդ, թանգարանային ցուցանմուշներ, մոնումենտալ արվեստի ցուցանմուշներ և այլն:
Տարհանված հուշարձանների առումով նախարարությունը առաջարկներ է ստացել՝ խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի եկեղեցիների բակում կամ կառուցել պուրակ, որտեղ կտեղադրվեն Ներքին Սուսից տեղափոխված հուշարձանները: Դրանք առայժմ կմնան Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի մերձակա տարածքում, մինչև վերջնական որոշումները:
Լեռնիկ Հովհաննիսյան - Տեղափոխեցինք Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում գտնվող հուշակոթողները, տեղափոխեցինք Աղավնոյի կամրջի մոտ գտնվող խաչքար-հուշարձանը, տեղափոխեցինք Սուրբ Նահատակաց եկեղեցու 11-12-րդ դարի խաչքարը, որն այնտեղ էր բերվել այլ վայրից, տեղափոխեցինք նաև Բերձոր-Գորիս մայրուղում գտնվող այն հուշարձանները, որոնք տեղադրվել էին տարբեր տարիների:
Օգոստոսի 25-ի դրությամբ Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերից բնակիչները հեռացել են: Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկմամբ Քաշաթաղի շրջանի Հունանավան, Մեղվաձոր, Մարաթուկ և Մելիքահող բնակավայրերը դուրս կգան Ադրբեջանական վերահսկողությունից և կանցնեն ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտի: