ԲԱՅԴԵՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Ջո Բայդենը Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հաստատել է Կիևին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Նախագահներն անդրադարձել են Ուկրաինային Միացյալ Նահանգների՝ 3 միլիարդի ռազմական օգնության նոր փաթեթին։ Բայդենը նաև շնորհավորել է Զելենսկիին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ»,- մանրամասնել է Ժան Պիեռը։
Բայդենը, իր հերթին, Twitter-ում գրել է, որ ուկրաինացիները պետք է պայքարեն իրենց ինքնիշխանության համար։ Զելենսկին էլ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցը հիանալի է որակել՝ հավելելով, որ քննարկել են երկու երկրի միջև հետագա գործակցության ուղիները։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը Ուկրաինային այնպիսի զենք չի մատակարարի, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ կրակ բացելու համար։
«Նպատակը մեկն է՝ պաշտպանել Ուկրաինայի ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Դա ասել է նաև Ջո Բայդենը, մենք էլ համակարծիք ենք, որոշումներ կայացնելիս միշտ հետևում ենք՝ ինչ են անում մեր մյուս գործընկերները»,- ընդգծել է Շոլցը։
Նա հերքել է կառավարության մեղադրանքները, թե Ուկրաինային զենքի մատակարարման հարցում Բեռլինը վճռական դիրքորոշում չի ցուցաբերում։
«Գերմանիան Կիևին արդեն բավական արդյունավետ և ծանր սպառազինություն է տրամադրել. կշարունակենք ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային»,- ընդգծել է նա։
Արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, սակայն, մտահոգություն է հայտնել՝ երկրի զինված ուժերը սպառազինության պակաս ունեն, Կիևին զենքի մատակարարումների պատճառով Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնած։
ԱԼԺԻՐԸ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը հայտարարել է, որ համաձայնության է հասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ: Նրա խոսքով՝ հետագա գործընկերության հիմքում լինելու են փոխադարձ հարգանքը և վստահությունը:
«Մակրոնի հետ քննարկել ենք երկկողմ գործակցության բոլոր ասպեկտները և այն զարգացնելու հնարավորությունները, որոնք կհամապատասխանեն մեր երկրների շահերին»,- նշել է Տեբբունը։
Համատեղ ասուլիսի ժամանակ Մակրոնն էլ տեղեկացրել է, որ դիտարկվում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կուսումնասիրի երկու երկրների պատմության ցավոտ էջերը։
«Այդ անցյալը երբեմն խանգարում է մեզ նայել դեպի ապագա. հարկավոր է լուծել այդ խնդիրը։ Պետք է առաջընթացի հասնենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, գիտությունը, մետաղների արդյունահանումը», - նշել է Մակրոնը։
Լրատվամիջոցների տվյալով՝ Ալժիր Մակրոնի եռօրյա պաշտոնական այցի օրակարգի հիմնական թեմաներից մեկը ալժիրյան գազի մատակարարման վերաբերյալ հնարավոր պայմանագրերի շուրջ բանակցություններն են։
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՄՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձել է միջուկայն գործարքի վերաբերյալ Թեհրանի առաջարկներին ԱՄՆ կառավարության ներկայացրած պատասխանին, նշել՝ իրանական կողմը լուրջ է վերաբերվում երաշխիքների հետ կապված հարցերին, ինչպես նաև ցանկանում է հասնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման։
«Մեծ առաջընթաց ենք գրանցել համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում, մեր վերջին առաջարկները փոխանցել ենք ամերիկյան կողմին»,- ասել է Աբդոլլահիանը, հույս հայտնել, որ Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում Իրանի նկատմամբ իր պարտավորություններին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները սցենարներ են մշակում ինչպես Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման, այնպես էլ այդ հարցի շուրջ համաձայնության բացակայության դեպքում։
«Ջո Բայդենը միայն այնպիսի գործարք կկնքի, որը, նրա կարծիքով, կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից: Մենք միշտ ասել ենք՝ միջուկային հարցը հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով: Կշարունակենք բանակցել»,- ընդգծել է խոսնակը։