Եթե տուժածը չի արձագանքում, ուրեմն գիտակցություն չունի։ Պետք է անմիջապես ստուգել՝ գոնե շնչո՞ւմ է. առաջին օգնություն է սովորեցնում 911-ի հրահանգիչը։ Դասընթացը մասնավոր է․ նախաձեռնել է գրասենյակների համար տարհանման պլաններ մշակող-ուսուցանող Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման R5 կենտրոնը։
Անի Տերտերյան (Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի տնօրեն) - Ցավալի դեպքը. որ տեղի ունեցավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, ևս մեկ ազդակ էր, որ հանրության շատ ավելի լայն շերտեր կարիք ունեն որոշակի կոնկրետ հմտությունների ուսուցանման:
Ըստ կենտրոնի տնօրենի՝ անվճար դասընթաց կազմակերպելու սոցցանցային առաջարկին 15 ժամում այնքան մարդ է արձագանքել՝ միանգամից 10-ից ավելի խումբ է ձևավորվել։ Մասնակիցներն անկեղծանում են՝ ԲՈՒՀ-ում ուսանողն արյունահոսում էր, վախենում էին մոտենալ, դուռը բացելիս տատիկն ընկավ-ոտքը կոտրեց, մինչև բժշկի գալը չգիտեին՝ ինչ անել, այնինչ պետք է։
6-ժամյա պարապմունքի ընթացքում կսովորեն տուժածի համար ճակատագրական առաջին րոպեների օգնությունը՝ սիրտ-թոքային վերակենդանացումից մինչև վնասված անձին ապահով դիրքով պառկեցնել՝ վստահեցնում է կենտրոնի մասնագետը։
Նեդա Պետրոսյան (R5 կենտրոնի առաջին օգնության ծրագրերի ղեկավար) - Ընդգրկել ենք այն հենքային հարցերը, որոնք հնարավորություն են տալիս փրկել մարդու կյանքը, կայունացնել վիճակը, բարելավել կենսական կարևոր օրգանների ֆունկցիաները, պաշտպանել տուժածին՝ մինչև մասնագիտական օգնության ժամանումը:
R5-ում պնդում են՝ այս գիտելիքները միայն արտակարգ իրավիճակներում ներգրավվող կամավորների համար չեն։ ճանապարհին ավտոներ են բախվում, սարերում արշավական վնասվում՝ օգնելու կարիք է լինում։ Էլ չասած, որ Հայաստանը հրդեհի, սողանք-փլուզման ու երկրաշարժի ռիսկային գոտի է, պարտադիր է իմանալ՝ ինչ անել այդպիսի աղետների դեպքում։
Անի Տերտերյան - Մարդը սովորում է նախ ճանաչել արտակարգ իրավիճակը, գնահատել ռիսկերը, իր անվտանգությունը, իսկ գործնականում աշխատել անգիտակից տուժածի հետ, եթե մարդը իրեն չի արձագանքում՝ ինչպես պետք է վարվի:
Արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվել՝ այս նախաձեռնության շնորհիվ առաջիկայում կսովորի 100-ից ավելի քաղաքացի։