Գերմանիան զենք չի մատակարարի Ուկրաինային՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հայտնում է T-Online-ը։
Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշման նպատակն է թույլ չտալ լարվածության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բոլորը պետք է հետևեն այս սկզբունքին»,- ասել է Շոլցը:
Օգոստոսի 19-ին կանցլերն ասել է, որ Գերմանիան Ուկրաինային «շատ, շատ զենք» է մատակարարում։ Նրա խոսքով՝ «Գեպարդ» զենիթային տանկերն արդեն հասել են Կիև, շուտով նախատեսվում է «Կոբրա» հրետանային ռադարի և «Իրիս-Տ» հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարումը։ «Գերմանիան Ուկրաինային կօգնի այնքան, որքան անհրաժեշտ է, սակայն հակամարտության սրացում չպետք է լինի։ Եվ սա է հիմնական սկզբունքը»,- հավելել է գերմանացի քաղաքական գործիչը։
Ավելի ուշ Գերմանիայի զինված ուժերը նշել են, որ այլևս չեն կարող զենք մատակարարել Ուկրաինային սեփական պաշարներից։ «Մենք մոտեցել ենք ընդունելի սահմանին»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը և հավելել, որ գերմանական բանակը չի կարող ավելի թուլանալ։