Այս տարվա առաջին կիսամյակում բանկերը կրկնապատկել են կապիտալը, ավելացրել շահույթն ու ակտիվները: Բանկային ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 213 մլրդ դրամով կամ 23 տոկոսով: Ակտիվներն աճել են 193 մլրդ դրամով կամ 2.74 տոկոսով:
Սեյրան Սարգսյան (Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն) - Համակարգը էապես մեծանում է, ընդլայնվում է, բանկերը հզորանում են:
Բանկային համակարգն ապահովել է 111 մլրդ դրամի շահույթ, որը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 70 մլրդ դրամով կամ 173.5 %-ով: Տոկոսային համամասնությամբ Հայաստանի բանկային համակարգը ապահովել է այնքան շահույթ, որքան եվրոպական և ամերիկյան բանկային համակարգը, սակայն Բանկերի միության գործադիր տնօրենը դա բավարար չի համարում:
Սեյրան Սարգսյան - Օրինակ՝ հարևան Վրաստանում նախորդ տարեվերջին կապիտալի շահութաբերության մակարդակը 24․5% էր, իսկ Հայաստանում՝ 9․5%։
Շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև Հայաստան տեղափոխված ոչ ռեզիդենտների բացած շուրջ 20 հազար հաշիվներով, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայություններով, որը, ըստ Սեյրան Սարգսյանի, ժամանակավոր բնույթ է կրում: Վարկերը թեև փոքր, բայց կրկին աճ են գրանցել՝ շուրջ 28 մլրդ դրամով կամ 0.7 %-ով:
Սեյրան Սարգսյան - 3 տրիլիոն է դարձել, որը 20 թվականի ցուցիչին չի հասել:
2022-ի առաջին կիսամյակում բանկերն իրենց հաճախորդների քանակը ավելացրել են 123 214-ով, հաշիվները՝ ավելի քան 300 հազարով: Ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1.2 %-ով: Ավանդի տոկոսադրույքները դրամով ավելացել են 0,2 %-ով, դոլարով նվազել 0,1 %-ով: Ամենաշատը բանկերը տրամադրել են սպառողական վարկեր և ֆինանսավորել հիփոթեքի շուկան: Աճել է դրամով տրամադրված վարկերի ծավալը՝ մոտ 40 %-ով: Վարկերի տոկոսադրույքները դրամով ավելացել է 1.4%-ով, դոլարով՝ 0.2%-ով:
Սեյրան Սարգսյան - Աշխարհում գնաճային ճնշումների հիման վրա բնական է սպասել, որ տոկոսադրույքների աճ պետք է լինի: Մեզ մոտ դեռևս որևէ էական փոփոխություն չկա:
Արտասահմանից ֆիզիկական անձանց փոխանցումների ծավալն աճել է գրեթե 1 մլրդ դոլարով կամ 97.3 %-ով: Առաջին կիսամյակում Հայաստանից փոխանցումների ծավալն ավելացել է շուրջ 326 մլն դոլարով կամ 57.7 %-ով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան