Որսաշրջանի մեկնարկին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զգուշացնում է՝ սահմանված կանոնները խախտողները տուգանվելու են, զենքերը՝ առգրավվելու:
Արմեն Արաբյան (ՀՀ ԲԸՏՄ Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Ստուգայցեր ենք իրականացնում տարբեր մարզերում, ընդգրկում ենք տարածքային բաժիններն ու իրավապահների հետ ենք համագործակցում:
Այս տարի տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի տեխնիկական նոր միջոցներով: Առաջին անգամ որսի շրջանը կվերահսկվի դրոններով: Աճել է նաև տուգանքի չափը:
Արմեն Արաբյան - Տուգանքն սկսվում է 70-140 հազար, պաշտոնատար անձանց՝ մինչև 200 հազար դրամից, զենքի բռնագրավումով, կոպիտ խախտման համար առանց թույլտվության, ոչ որսի ժամկետների, չափաքանակները խախտելու դեպքում, բացի զենքի բռնագրավումից, որսորդը նաև երեք տարով զրկվում է որսի իրավունքից:
Հովազ որսացողները ստիպված կլինեն 5 մլն դրամի փոխարեն վճարել 100 մլն դրամ, հատուկ պահպանվող տարածքներում բեզոարյան այծ որսացողները՝ 15 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ որսագողության դեպքերը նվազել են՝ ասում է Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետը: 2021 թվականին որսագողության 38 դեպք է արձանագրվել, առգրավվել է 26 որսորդական հրացան: Այս տարի արդեն արձանագրվել է 19 դեպք, առգրավվել է 15 որսորդական հրացան:
Որսաշրջանն այս տարի մի փոքր կարճ կտևի՝ օգոստոսի 27-ից մինչև հաջորդ տարվա փետրվարի 12-ը: Նախորդ տարվա 15-ի փոխարեն այս տարի թույլատրվել է 17 կենդանատեսակների որսը: Դրանցից 12-ը թռչնատեսակներ են:
Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Այս տարի երկու տեսակ ավելացել է՝ մոխրագույն բադը և ճքճքան մրտիմնը:
Թույլատրվել է անսահմանափակ որսալ միայն մոխրագույն ագռավ, սովորական կաչաղակ, աղվես, գայլ և շնագայլ: Լոր 113 300 հատ, Քարակաքավ՝ 19 900, ճքճքան մրտիմն՝ 2 150, Սուլող մրտիմն՝ 5000 հատ:
Սևակ Բալոյան - Յուրաքանչյուր որսորդ օրվա ընթացքում իրավունք ունի որսալու մինչև 10 լոր, իսկ նապաստակը և վայրի խոզ՝ ամբողջ սեզոնի ընթացքում 1 հատ, ոչ ավելի:
Որսը թույլատրված է բացառապես որսահանդակներում՝ ակոսափող կամ ողորկափող հրազենով: Բնապահպանական վճարի ամենացածր գինը լորի որսի համար է սահմանվել՝ 130 դրամ, ամենաթանկը վայրի խոզինն է՝ 65 հազար դրամ, որից ամբողջ որսաշրջանի ընթացքում հնարավոր է որսալ միայն 20 հատ: Վայրի խոզ թույլատրված է որսալ միայն Սյունիքում և Վայոց ձորում:
Սևակ Բալոյան - Եթե ֆիզիկական անձը կամ որսորդմիությունը ցանկություն էր հայտնում որսի թույլտվություն ստանալ նախարարությունից, պետք է բերեր 15 հատ շնագայլի պոչ, բայց հաշվի առնելով, որ անցած տարվա 30 հատ սահմնաված որսաչափից իրացվել է միայն 7-ը, այս տարի որոշվեց, որ պայման չի լինելու:
Որսը թույլատրված կլինի միայն հինգշաբթիից կիրակի և տոնական օրերին:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան