Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապն առայժմ կգործի Լաչինի միջանցքի գործող երթուղով՝ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով: Միջանցքի այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը դեռ բարեկարգվում է:
Հայկ Խանումյան (ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Օգոստոսի 25-ին ֆիքսվել էր, սակայն բանակցությունների ընթացքում եկանք այն համաձայնության, որ ճանապարհը կփոխվի, երբ ժամանակավոր ճանապարհահատվածը պատրաստ լինի, և երբ ռուսական բլոկպոստերն ամբողջությամբ կահավորված և տեղափոխված կլինեն ճանապարհի վրա: Այդ գործընթացը նույնպես սկսվել է, որոշ բլոկպոստեր արդեն պատրաստ են, մյուսները ևս տեղադրվում են:
Ըստ Խանումյանի՝ նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Մինչ այդ շինարարները խճապատել են 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը և ասֆալտապատում են:
Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար) - Առաջին փուլում նախատեսված էր մինչև օգոստոսի 25-ը ավարտին հասցնել ճանապարհի կառուցումը գրունտային տարբերակով՝ խճապատած, որն էլ օգոստոսի 23-ի դրությամբ եղել է ավարտված: Բայց հանրապետության նախագահի կողմից կայացվել է որոշում, որպեսզի նշված 4,7 կիլոմետր ճանապարհը նաև ասֆալտապատվի, որի աշխատանքները նույնպես արդեն մեկնարկել են և ավարտվելու են մինչև օգոստոսի 29-ը:
Արցախի քաղաքաշինության նախարարն ասում է՝ ժամանակավոր ճանապարհահատվածն ունի 7 մետր լայնություն և մինչև ձմեռ կկահավորվի: Ձնամաքրման նպատակով նաև հենակետեր կկառուցվեն:
Արամ Սարգսյան - Հիմա կոնկրետ Հին շեն համայնքում տեղի ընտրությունն է կատարվում, որտեղ կտեղակայվեն մեր տեխնիկաները՝ ձնամաքրման և ձմեռային այլ աշխատանքների իրականացման համար: Հաշվի առնելով, որ ճանապարհը ժամանակավոր է՝ 7-8 ամսվա համար, որոշում է կայացվել միաշերտ ասֆալտապատման համար:
Միջանցքի այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը շրջանցում է Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը, միանում Բերձոր-Տեղ ճանապարհին՝ Աղավնոյից մոտ 3 կիլոմետր անցնելուց հետո: Այս ընթացքում տեղափոխվում են Հայաստանից դեպի Արցախ կապի մալուխն ու էլեկտրագիծը:
Հայկ Խանումյան - Կապի հարցը լուծված է, էլեկտրագծերը՝ դեռ ժամանակ կտևի, իսկ գազի պահով, ինչպես նշել եմ, այլ լուծումներ պետք է փնտրել:
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը Մեծ շեն, Հին շեն գյուղերով կկապվի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքին:
Այստեղ կառուցվում է մոտ 11 կիլոմետր ճանապարհ, որի ավարտը նախատեսվում է 2023-ի գարնանը: