Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը․ այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։
Առաջին անգամ Սյունիքում գտնվող դեսպանը նշել է՝ իր այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի և Սյունիքի մարզի միջև համագործակցության եզրեր գտնել։
«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարևորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից»,- ասել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։
Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։
Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին են ներկայացրել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը և այլն։
Նշվել է, որ հանդիպման հիմնական առանցքը փոխգործակցության մասին մտքերի փոխանակումն էր, իսկ հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։