ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով:
Հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Սամվել Գալստյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ մարմնամարզիկների վերջին հաջողությունները շատ ոգևորիչ են. «Շնորհավորում եմ ձեզ: Շատ ուրախ և հպարտ եմ ձեր նվաճումների առթիվ: Դրանք շատ ոգևորիչ են հատկապես հիմա, երբ մենք որդեգրել ենք այսուհետ հաղթանակների ուղիով շարժվելու ծրագիր: Սպորտն այն ասպարեզն է, որտեղ այդ հաղթանակներն առավել հանրային են, ոգևորիչ և տպավորիչ: Փառք ու պատիվ ձեզ: Շնորհակալ եմ: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք գործադրել այս հաղթանակների համար՝ ձեր կյանքի մեծ մասը նվիրելով սպորտին: Վստա՛հ եղեք՝ Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում և ավելին պատրաստ է ծառայել այն գործին, որը կնպաստի ձեր հետագա հաղթանակների արձանագրմանը»:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականն արդեն իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում, և ուրախալի է այն հանգամանքը, որ նմանօրինակ խոշոր մրցաշարերին արդեն կարողանում ենք թիմային մասնակցություն ապահովել. «Վերջապես ձևավորվել է հավաքական, որը մեր շատ ավանդույթներ ունեցող մարզաձևում իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում, և արդեն թիմով ենք մասնակցում այն մրցումներին, որոնց ժամանակին երազում էինք գոնե մեկ մասնակից ունենալ:
Շնորհակալ եմ ամբողջ թիմին՝ ի դեմս գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, որ կարողացել է այսպիսի ուժեղ թիմ պատրաստել: Անչափ ուրախացել եմ Հարություն Մերդինյանի համար: 1998 թվականին՝ 24 տարի առաջ, Հարությունը Մոսկվայում առաջին անգամ մասնակցեց համաշխարհային պատանեկան խաղերին: Բնավորություն ու կամք է պետք այսքան երկար այս բարդ մարզաձևում մնալու համար: Մյուս մարզիկներին ևս շնորհավորում եմ ու հպարտ եմ նմանօրինակ արդյունքների համար: Խնդրանքս է՝ նույն հետևողականությամբ պատրաստվենք արդեն հաջորդ տարվա մրցումներին, քանի որ դրանք վարկանիշային են Փարիզի օլիմպիական խաղերի համար»:
Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ ընդգծել է՝ քրտնաջան մարզումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով. «Շատ ուրախալի է՝ այդ ողջ ընթացքում մենք լիարժեք զգում ենք ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աջակցությունը: Այդ ամենը խթանում է, որ մենք մեծ հաջողություններ ունենանք»:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի անդամները պատմել են իրենց տպավորությունների մասին, բարձր գնահատել մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու խոսել նաև առաջիկա ծրագրերի մասին:
Հիշեցնենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:
Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոն է դարձել Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։