Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը ստացել է մոտ 3900 հայտ: Դիմումների ընդունման ժամկետն ավարտվել է: Առաջիկայում կձևավորվեն խմբերը, ըստ անհրաժեշտության, կենտրոններ կձևավորվեն մարզերում: Գործընթացը կսկսվի սեպտեմբերին: Կամավոր ատեստավորմանն այս տարի կմասնակցեն 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները, նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանող մանկավարժները: Կամավոր ատեստավորումը մեկնարկել է 2021-ից:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Այն ուսուցիչը, որը կհաղթահարի նվազագույն շեմը, որը 70 տոկոս է, բացի հավաքած միավորներին համապատասխան տրվող հավելավճարից՝ դրույքաչափը 108 հազար 800 դրամից կդառնա 200 հազար դրամ: 200 հազարի վրա կկիրառվի 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար 5 տարի ժամկետով:
Բաղդասարյանը հստակեցնում է՝ 5 տարի անց էլ, անկախ կամավոր ատեստավորման ժամկետի ավարտից, ավելացված 200 հազար դրամ դրույքաչափը փոփոխման ենթակա չէ:
Արսեն Բաղդասարյան - Այն, ինչ կանխատեսել էինք, մոտ ենք այդ կանխատեսումներին, այս տարվա համար: Կարծում եմ՝ աստիճանաբար գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա, որովհետև նոր է, շատեր մտավախություն ունեն, տեսելով արդյունքները: Նպատակն է խրախուսել լավ մասնագետին, թաքնված նպատակն է մոտիվացնել մյուս ուսուցիչներին, տեսնելով գործընկերներին՝ մասնակցելով բարձրացնեն աշխատավարձը:
2021-ին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 1000 ուսուցիչ, 480-ը ստանում է հավելավճար: Թեև նախորդ տարի նախատեված չէր դրույքաչափի փոփոխություն, բայց որոշվել է բարձրացնել նաև 2021-ին ատեստավորված մանկավարժների դրույքաչափը: Այն արդեն փոխվել է. 200 հազար դրամի վրա է հաշվարկվում հավելավճարի տոկոսը: Բաղդասարյանը կարևորում է նաև տարակարգի շնորհման գործընթացում փոփոխությունը:
Արսեն Բաղդասարյան - 4-րդ աստիճանի տարակարգ ստանալու համար ուսուցչից պահանջվում էր 9 տարի: Վերջին փոփոխություններով, որ տեղի ունեցան հանրակրթության մասին օրենքով, այդ աստիճանակարգությունը հանվեց: Ուսուցիչը, որը համապատասխանում է միանգամից 3, 4 տարակարգ, կարող է միանգամից դիմել 3, 4 աստիճանի տարակարգի, ստանալ 40 կամ 50 տոկոս հավելավճար:
Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ տարակարգի շնորհման նոր կարգը դրվել է հանրային քննարկման, ստացել են Արդարադատության նախարարության եզրակացությունը: Մինչև ուսումնական տարվա մեկնարկը նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը: