Խմելու ջուրը, որ այս հունվարից էր թանկացել, կարող է նորից թանկանալ։ Այժմյան սակագինը՝ խմ-ի հաշվով սոցիալապես անապահով բաժանորդների դեպքում 180, մյուս բնակիչ-բաժանորդների համար 200 դրամը, «Վեոլիան» առաջարկում է բարձրացնել մինչև բոլորի համար 209 դրամի։ Ընկերությունում պարզաբանում են․ սակագնի ճշգրտման պատճառը երկրում կանխատեսվածից եռակի բարձր սղաճն է։
Արտակ Մալխասյան («Վեոլիա Ջուր» ընկերության վարձակալության պայմանագրի կառավարման տնօրեն) - Շուրջ 23 դրամի ավելացում միայն սղաճի արդյունքում ունենք, էլեկտրաէներգիայի սահագինն էլ է ավելացել, 4 դրամով էլ դրա ազդեցությունն է:
2 դրամի էլ պակասեցում կա՝ սպասածից շատ ջուր վաճառելու շնորհիվ նոր սակագնի հաշվարկն է բացում «Վեոլիայի» ներկայացուցիչը։ Փաստում՝ համակարգին տարեկան միջինը 10 հազար նոր բաժանորդ են ավելացնում, մինչև հիմա 300 հազար հաշվիչ են փոխել։ Հուլիսի դրությամբ ջրի մեծ ու փոքր խողովակների 16 356, կոյուղու 24 հազարի կարգի վթար են վերացրել․ աշխատանքը, նյութերը ամեն ինչ թանկացած են։
Արտակ Մալխասյան - Վթարը վերացնելու համար պետք է լինի էդ ռեսուրսը: Մենք շահագրգռված չենք ավելացնելու սակագինը, մենք ուրախ կլինեինք՝ էդ սղաճը չլիներ, էլեկտրաէներգիան չթանկանար, ավելի շատ ջուր կվաճառեինք:
Համատարած գնաճի ֆոնին խմելու ջրի հնարավոր թանկացման լուրը սպառողներին երկու խմբի է բաժանել։ Մարդկանց մի մասը, միայն թե անջատումներ չլինեն, հաշտված է ցանկացած որոշման հետ՝ դրությունից ֆինանսական ելք են փնտրում, մյուսները բողոքում են՝ այլևս դիմանալու չէ։
Այն, որ իրենց շատ են քննադատում՝ «Վեոլիայում» գիտեն։ Պնդում են՝ ջրի որակը ստուգումներով նորմայից շեղում չունի։ Ինչ վերաբերում է կորուստներին՝ դրանք այս եռամսյակի դրությամբ իջեցրել են 67 տոկոսի: Վարձակալական պայմանագրով ընկերությունից ինչ պահանջվում է՝ ապահովում են։ Եթե այդպես է՝ ինչո՞ւ խախտվեց ջրի սակագինը 200 դրամ դարձնելու ժամանակ Հանրային ծառայությունների հանձնաժողովի նիստում՝ նախորդ աշնանը հրապարակված խոստումը, թե հաջորդ 10 տարիներին խմելու ջուրը Հայաստանում չի թանկանա։
Արտակ Մալխասյան - Չէ, էդպիսի պայմանավորվածություն չի եղել, չէր էլ կարող լինել, քանի որ «Վեոլիան» չէր կարող առաջիկա 10 տարվա հոսանք, սղաճ հաշվարկել:
Աշոտ Ուլիխանյան (ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ) - Ո՞վ է պայմանավորվածությունը խախտում. պայման էր, որ ոչ թե «Վեոլիան» հայտ չի ներկայացնի, այլ ամեն տարի պիտի ներակայացներ:
Եթե բազային թվերն անցած տարի չճշտվեին, հիմա գուցե 40 դրամի թանկացման ռիսկ լիներ՝ բացատրում են սակագներ հաստատող կառույցում։ Վեոլիայի դիմում-առաջարկն այստեղ երեկվանից պաշտոնապես ընդունել են ուսումնասիրության։
Աշոտ Ուլիխանյան - Սա ընկերության առաջարկն է, մենք պետք է նաև Կառավարության հետ քննարկենք; Կարծում եմ՝ սոցիալական սպառողների համար նույնը կպահենք:
Սոցիալական խմբի սակագինը նույնը պահել՝ արդյոք նշանակո՞ւմ է մյուս բաժանորդների համար ջրի թանկացման 9 դրամին գումարել առաջացող տարբերության ևս 20 դրամ, ծախսային ի՞նչ բեռ կավելանա ամիսը միջինում 15 խմ ջուր օգտագործող սպառողների վրա՝ դեռ վաղ է գնահատական տալ։ Հանրային ծառայություններում չեն բացառում՝ սակագինը նախորդ տարիների պես նաև պետության սուբսիդիայի միջոցով մեղմելու տարբերակը։
Աշոտ Ուլիխանյան - այն հանգամանքը, որ սա սղաճով է պայմանավորված, որոշակի քննարկումներ կլինեն սպառողներին փոխհատուցելու՝ հնարավորության սահմաններում սակագինը նույնը պահելու համար:
Ջրի ծախսի մոնիթորինգ անելու, քննարկում-հաշվարկների ու վերջնական որոշում կայացնելու համար հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի, այնպես որ՝ նոր սակագինն ուժի մեջ մտնի հունվարից։