Երևանի դատախազը «Երևանի պահածոների գործարան» ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը քննարկելու միջնորդագիր է ներկայացրել քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին: «Սուրմալուի» գործով դատախազական խմբի ղեկավարի խոսքով՝ պարզվել է, որ 2021-ի ապրիլին «Սուրմալուում» տեղի ունեցած հրդեհի ժամանակ փորձաքննությամբ արձանագրված և հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել, ինչն էլ հանգեցրել է առավել մեծ հետևանքների առաջացման:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Հաշվի առնելով հանգամանքը, որ հրդեհային անվտանգության խախտված կանոնների ոչ բավարար չափով հետևողականություն դրսևորելը դրանց նկատմամբ կամ խախտումների վերացման նկատմամբ ինքնին հանցանքների համար նպաստավոր պայման է, տեսչական մարմնին միջնորդագիր է ուղարկվել՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ:
Իրավապահների ուշադրությունը գրավել է հանգամանքը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը վերակառուցվել է նախկինում այլ նպատակային նշանակության համար կառուցված շենքի հիմքի վրա:
Ծովակ Մնացականյան - Ուստի Երևանի դատախազը միջնորդագրով դիմել է տեսչական մարմնին նման առևտրի կենտրոնում կամ մարդկանց կուտակումներ ունեցող այլ վայրերում ևս իրականացվեն ստուգումներ և հրդեհային անվտանգության կանոնների խախտումների դեպքում առաջնորդվեն օրենքով, գործեն խիստ ռեժիմով՝ հաշվի առնելով հենց «Սուրմալուի» աղետալի դեպքերը:
Դատախազ Մնացականյանի խոսքով՝ միջնորդագիր է ներկայացվել նաև հրագործական նյութերի, ճայթուկների վաճառքի վայրերում ևս ստուգումներ անցկացնելու վերաբերյալ՝ ուսումնասիրելու՝ արդյոք հրագործական արտադրանքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները պահպանե՞լ են ԱԻՆ նախարարի 2015-ի համապատասխան հրամանի պահանջը:
Ծովակ Մնացականյան - Քրեական դատավարության օրենքի 185-րդ հոդվածով մեկամսյա ժամկետում պետք է քննարկվեն, արդյունքը ներկայացվեն: Ակնկալվում է մինչև մեկ ամիս հաշվի առնելով հրատապությունը: Ակնկալում ենք շատ սեղմ ժամկետներում ստուգումներ ամենախիստ ռեժիմների պահպանմանմբ, ընդհուպ կասեցնելուց, շինաշխատանքների դադարեցում:
Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Լուրերին» տեղեկացրին, որ ստացել են դատախազության միջնորդագրերը, միջոցներ են ձեռնարկվում դրանց կատարումն ապահովելու համար: