Հայաստանի տնտեսական ակտիվությունը 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ աճել է 13.1%-ով: Փորձագետի գնահատականով՝ ցուցանիշը զգալիորեն բարձր է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված տարեսկզբի կանխատեսումներից:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Շուրջ 1-2 %-ի շրջանակներում էին կանխատեսումները հնչում տարվա համար, բայց ընթացիկ զարգացումներն այլ պատկեր են ցույց տալիս: Արդեն հունվար-հուլիս ամիսներով մենք 13.1% ցուցանիշ ունենք, իսկ միայն հունիս ամսով այն մոտ է 20% ցուցանիշին:
Վիճակագրական կոմիտեի տվյալի համաձայն՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 47.7 տոկոսով՝ արտահանումը՝ 43.9, ներմուծումը՝ 50.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 12.5, շինարարությունը՝ 13.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 14.9 տոկոսով: Սպառողական գնաճը կազմել է 8.3 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 6.3 տոկոս: 27.5 տոկոսով էլ աճել է ծառայությունների ծավալը, ինչը Նարեկ Կարապետյանը պայմանավորում է երեք հանգամանքով՝ հետքովիդյան վերականգնում, զբոսաշրջիկների թվի ավելացում, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական պատժամիջոցներ:
Նարեկ Կարապետյան - Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանի բանկային համակարգի ծառայություններից են հնարավորության սահմաններում օգտվում: Սա դրական կոմպոնենտ է մտցնում մեր բանկային համակարգում: Մենք գիտենք, որ զգալի քանակությամբ ոչ ռեզիդենտների հաշիվներ են բացվել մեր բանկերում:
Աճի տեմպերի պահպանման դեպքում՝ փորձագետը ոչ միայն ավելի վաղ կանխատեսված 7 տոկոս տնտեսական աճի, այլև տարվա համար երկնիշ աճի արձանագրման հնարավորություն է տեսնում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան