Հայաստանում Իրանի դեսպանն ընդունել է Զանջան նահանգի Առևտրի պալատի պատվիրակությանը, հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը: Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է ընդլայնել գործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։
Զոհուրին հայկական շուկան մրցունակ է որակել, հայտնել, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։
«Հայաստանը անվտանգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային գործարքների համար»,- նշել է դեսպանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ՂՐՂԶՍՏԱՆ
Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովի հրավերով Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար: Այցի շրջանակում Ադրբեջանի վարչապետը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ ՌԴ-ՉԺՀ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ
Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործակցությունը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի արժեքներին և շահերին՝ համոզմունք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Չինաստանն «ընդլայնում է իր ներկայությունը» տարածաշրջանում և փորձում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ստեղծել, որն Արկտիկայի միջոցով կմիացնի Չինաստանն ու Եվրոպան։
Պաշտոնյան անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի հնարավոր անդամակցությանը, նշել՝ դա կամրապնդի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։
«Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք կնշանակի, որ արկտիկական ութ երկրից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Նման հեռանկարը կամրապնդի նաև Մերձբալթյան դաշնակիցների դիրքերը», - ընդգծել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է հեռավոր հյուսիսում անվտանգության և կայունության պահպանմամբ։
«Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսատլանտյան հատված, որով անցնում են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան իրար կապող առևտրային և տրանսպորտային առանցքային ուղիները», - եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
ԵՎՍ 3 ԲԵՌՆԱՆԱՎ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԻՑ
Հացահատիկով բեռնված ևս երեք բեռնատար նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից՝ հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Դեռևս չի նշվում՝ որ ուղղությամբ են շարժվում նավերը։
Ավելի վաղ ՄԱԿ-ից տեղեկացրել էին, որ Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել 5 նավի լքել ուկրաինական նավահանգիստները. դրանցով Գերմանիա, Իսրայել և Թուրքիա է տեղափոխվում է ավելի քան 85,000 տոննա հացահատիկ և այլ պարենամթերք: Լրատվամիջոցների տվյալով՝ Ուկրաինայից արդեն արտահանվել է մոտ 723 հազար տոննա պարենամթերք։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, իր հերթին, հայտարարել է, որ հուլիսի 22-ին հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլում կնքված համաձայնագրերը ուժի մեջ են 120 օր, դրանք կերկարաձգվեն, եթե կատարվեն բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հետ կապված։