ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Ինչպես հայտնում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, ավագ խորհրդականի իրավասության շրջանակներում ներառված է նաև ԼՂ հակամարտության կարգավորումը:
Ռիկերն այս պաշտոնում կծառայի իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ և գլխավոր բանակցող՝ Ժնևի միջազգային քննարկումներում ԱՄՆ պատվիրակության համար այս կրիտիկական շրջանում:
Բլինքենի խոսքով` ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը:
Ռիկերն իր նոր պաշտոնում և միջնորդությամբ «համախոհ-գործընկերների, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է», կնպաստի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»:
Հիշեցնենք, որ Ռիկերը եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ գործերի հավատարմատար, ԱՄՆ պետքարտուղարի օգնական` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բալկանների, Կենտրոնական Եվրոպայի և Հոլոքոստի հարցերով, Գերմանիայում ԱՄՆ հրամանատարության խորհրդական քաղաքականության հարցերով, հրամանատարի քաղաքացիական տեղակալ, Միլանում ԱՄՆ հյուպատոս, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպան: