Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական գործակցությունը մարտահրավեր է նետում ՆԱՏՕ-ի արժեքներին և շահերին՝ համոզմունք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Չինաստանն «ընդլայնում է իր ներկայությունը» տարածաշրջանում և փորձում «Բևեռային մետաքսի ճանապարհ» ստեղծել, որն Արկտիկայի միջոցով կմիացնի Չինաստանն ու Եվրոպան։
Պաշտոնյան անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը, նշել՝ դա կամրապնդի դաշինքի դիրքերը hյուսիսում։
«Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք կնշանակի, որ արկտիկական ութ երկրից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Նման հեռանկարը կամրապնդի նաև Մերձբալթյան դաշնակիցների դիրքերը»,- ընդգծել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հեռավոր Հյուսիսում անվտանգության և կայունության պահպանմամբ։ «Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսատլանտյան հատված, որով անցնում են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան իրար կապող առևտրային և տրանսպորտային առանցքային ուղիները»,- եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։