Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել:
Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1500 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել 35-ամյա Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Նալթակյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Ստեփան Ադամյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացած Մկրտիչ Ոսկանյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից է, լողով զբաղվում է սիրողական մակարդակով, իսկ մրցատարածությունը հաղթահարել է շուրջ 25 րոպեում.
«Շատ գոհ եմ իմ ցուցաբերած արդյունքից: Երբ իմացա մրցաշարի անցկացման մասին, սկսեցի լրջորեն նախապատրաստվել լողավազանում, որպեսզի լավ արդյունք գրանցեմ: Սևանում լողալն իսկապես դժվար է: Մութ է, ջրում գրեթե ոչինչ չի երևում: Պետք է շատ ուշադիր լինես: Ամեն դեպքում շատ գոհ եմ և շատ շնորհակալ եմ կազմակերպիչներին: Առաջին անգամ էր նմանօրինակ մրցում անցկացվում Սևանա լճում, ու կարծում եմ՝ այն ավելի քան հաջողված էր: Այսպիսի մրցաշարերի անցկացումը շատ խրախուսելի է, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպն ավելի մասսայական են դառնում»:
Կանանց առաջին տարիքային խմբում էլ (18-36 տարեկան) 1000 մ լողատարածությունն առաջինն է հաղթահարել գյումրեցի Անի Ավետիսյանը՝ արժանանալով 1 մլն դրամ մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Պողոսյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
41 և բարձր տարիքի տղամարդկանց խմբի հաղթողի կոչմանն արժանացել է 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է 52-ամյա Արմեն Հանեսօղլյանը, լավագույն եռյակը եզրափակել է 66-ամյա Վիկտոր Խուդավերդյանը:
Նրանց պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 36 և բարձր տարիքի կանանց պայքարում առաջին տեղն է զբաղեցրել 52-ամյա Մարգարիտա Խոստիկյանը, երկրորդ տեղը գրավել է Գոհար Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուզաննա Հովասափյանը:
Նրանց պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Այս տարիքային խմբում իր ուժերը չափել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հատուկ նախագծերի և մամուլի սրահի պատասխանատու Աննա Գզիրյանը:
Նա զբաղեցրել է 8-րդ մրցանակային տեղը: Գզիրյանի խոսքով՝ մրցաշարին սկսել է նախապատրաստվել դեռ մեկ տարի առաջ.
«Ոգեշնչվեցի իմ մյուս գործընկերոջից՝ մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանից, որն Էջմիածնում մասնակցել էր «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին:
Հուսով եմ՝ ես էլ իմ օրինակով կոգեշնչեմ մյուսներին, ովքեր գուցե ցանկություն ունեին մասնակցելու, բայց չվճռեցին դա անել: Միանշանակ արժեր մասնակցել այս մրցաշարին, քանի որ սա նախևառաջ սպորտային գեղեցիկ տոն էր: Սևանում լողալը, իհարկե, դժվար էր ու ծանր, բայց երբ մեկնարկը տրվում է ու նետվում ես պայքարի, մտածում ես միայն մրցակցության և եզրագիծը հատելու մասին: Եղան մասնակիցներ, որոնք չկարողացան մինչև վերջ լողալ ու հրաժարվեցին պայքարից: Շատ եմ կարևորում նմանօրինակ մրցաշարերի անցկացումը: Ամեն ինչ հիանալի էր կազմակերպված»:
Մրցաշարի արդյունքներով խրախուսական պարգևների են արժանացել նաև ամենատարեց մասնակիցները՝ 81-ամյա Հակոբ Թութանջյանը և 73-ամյա Հասմիկ Քանքանյանը: Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են հուշանվերի, շնորհակալագրի, ինչպես նաև 200-հազարական դրամ մրցանակի:
Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 քաղաքացի է մասնակցել՝ 6 կին և 12 տղամարդ: Յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով:
Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար շնորհակալագրերի են արժանացել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գեղարքունիքի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Կարեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԻՆ նախարարության ներկայացուցիչը:
Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները պարգևատրվել են 1 մլն դրամ մրցանակով: Առհասարակ, դրամական մրցանակներ են նախատեսված եղել 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Երկրորդ տեղի համար սահմանված էր 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ: