Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:
Այդ քայլն Աբդուլլաևան որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:
«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, թե իբր Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին: