Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին:
Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից և տույժերի կիրառումից:
2021 թ. համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով: