Վրաստանում ավելի քան 2,4 հազար զինվորական կմասնակցի ԱՄՆ-ի հետ Noble Partner 2022 բազմազգ զորավարժություններին, հաղորդում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից, հայտնում է Interfax-ը։
2015 թվականից սկսած՝ դրանք Վրաստանում անցկացվում են վեցերորդ անգամ:
Զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի զինվորականները, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի ռազմական անձնակազմը: Առաջին անգամ զորավարժանքին կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինվորականները:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը վարժանքների նպատակը կոչել է «Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների միջև պատրաստակամության և փոխհամատեղելիության բարձրացում՝ սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար»։
Զորավարժությունների մեկնարկի ամսաթիվը չի նշվում։ Անցյալ շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Գերմանիայից արդեն ստացվում է վարժանքների համար նախատեսված ամերիկյան ռազմական տեխնիկան: