Մալթան ու Լանան են՝ հատուկ նշանակության փրկարար աշխատանքների կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի անդամներ: Կանչի պահից «Սուրմալուի» պայթյունի գոտում էին՝ տասնմեկ օր՝ մինչև որոնողական աշխատանքների ավարտը: Ջոկատում 10 փրկարար շուն կա:
Լունան ու Ջեքը գնացին Երևանի այլ վայրում ահազանգի հետքերով: «Սուրմալուի» աղետալի դեպքը Մալթայի ու Լանայի առաջին լուրջ մարտահրավերն է: Նրանք 2020-ին նաև Ռայնիսի փողոցի շենքում գտել էին պայթյունից տուժածին:
Ջեյն Ղազարյան (ՀՆՓ աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի կինոլոգ) - Այս պահի դրությամբ աշխատանքները շարունակվում են, կաշխատենք այնքան, ինչքան հնարավոր է:
ԱԻՆ-ի կինոլոգիական ջոկատը համալրվել է: Նորակոչիկները մեկնել են ՌԴ վերապատրաստման՝ պատրաստ լինելու հնարավոր ցանկացած աղետի: Ջոկատի հրամանատարը Էդգար Գալոյանն է:
Էդգար Գալոյան (ԱԻՆ հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատար) - Շները շատ են հեշտացնում փրկարարների աշխատանքը, «Սուրմալուում» աշխատել է 8 շուն, եղել է, որ շներն ազդակներ են տվել, նույնիսկ դեպք է եղել, որ մի տեղ ֆիքսեցին:
Ակադեմիա ավարտված փրկարար շները նաև նեղ մասնագիտացում ունեն՝ մի մասը՝ ռումբ, մի մասը՝ մարդկանց է որոնում:
Էդգար Գալոյան - Սանկտ Պետերբուրգի ակադեմիա, այնտեղի փորձառու կինոլոգինբերի հետ դասընթացներ են անցել և վերադարձել Հայաստան, այս վերջում ԱՄՆ-ի շնագիտական կենտրոններ ու ծանոթացել իրենց աշխատանքային մեթոդիկային:
Դեղինը փրկարար այս ջոկատի գույնն է: Գերմանական կազմակերպությունն արձագանքում է աղետի վայրում աշխատելու միջազգային կանչերին: Կամավորական խումբը նաև «Սուրմալուում» էր՝ հրավիրել էին ԱԻՆ աշխատակիցները: Շակտին և Շիվան Օքսաննայի ընտանիքի անդամներ են: Բայց որպես գործընկեր նա աշխատում է Շակտի հետ, ամուսինը՝ Շիվայի:
Օքսաննա Մորոզովա («Ինտերնացիոնալեր կատաստրոֆենշութց» կազմակերպության անդամ) - Ինչպես մարդիկ, այդպես էլ շները՝ ամեն մեկն իր բնավորությունն ունի: Շիվան ավելի խիստ է, իսկ Շակտին մարդամոտ է. սիրում է, որ իրեն շոյում են: Նա 30 կգ սեր է:
Ոչ թե ինքը Շակտիին, այլ Շակտին է իրեն տարել կամավորական խումբ: Օքսաննան մանկուց սիրել է շներին և հասկացել, որ կինոլոգ լինելը իր կոչումն է: Շիվան եղել է աղետի խոշոր գոտիներում՝ Բեյրութում և այլ տեղերում, Շակտիի համար սա առաջին փորձն է: Հավատարիմ բարեկամների վարժեցմամբ Օքսաննան և ամուսինը ամեն օր են զբաղվում: Թեև շները տարիքով մեծ են՝ արդեն 9 և 10 տարեկան, միևնույն է՝ լավ մարզավիճակում են:
Օքսաննա Մորոզովա - Եթե գնում ենք արշավի և պետք է որևէ բարդ տարածքով անցենք, գետեր, վերելքներ հաղթահարենք, մենք նրանց մեքենայի մեջ չենք թողնում: Տանում ենք մեզ հետ, որ սովորեն մարդաշատ միջավայրին: Ամեն իրավիճակ վարժեցման մաս է: Մեր արձակուրդներն էլ շատ անգամ նրանց խաղերով ու վարժեցմամբ են միայն անցնում:
Փրկարարի աշխատանքը սիրում են, բայց թե՛ ԱԻՆ աշխատակիցները, թե՛ կամավորները ցանկանում են, որ աղետների այլևս մասնակից չլինեն: Չորքոտանի բարեկամներին իրենք միշտ կսիրեն ու աղետի գոտիներից դուրս կշփվեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան