Արցախի և Ադրբեջանի ջրային ոլորտների պատասխանատուները հանդիպում են 2021 թվականի փետրվարից՝ ասում է Արցախի ջրային կոմիտեի ղեկավարը: Ռուսական խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցներն Արցախի Սարսանգի ջրամբարի տարածքում էին մոնիտորինգի նպատակով՝ տեսնելու ջրամբարի պատվարը:
Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) - Ցանկություն հայտնեցին մոնիթորինգ անել ջրամբարի պատվարի վիճակը և իրեգացիոն համակարգի վիճակը: Նրանք ոչ մի կապ չունեն ՀԷԿ-ի աշխատանքի հետ:
Հայկական և ադրբեջանական կողմի հանդիպումների հիմնական թեման Սարսանգի ջրամբարի արդյունավետ օգտագործումն է: Բանակցությունների արդյունքում Արցախը ջուր կտա Ադրբեջանին, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքով ջուր մատակարարվի Մարտակերտի շրջան:
Գեորգի Հայրիյան - Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, Մատաղիս և առկա՝ սովետական ժամանակներից կառուցված համակարգը՝ հնարավոր չէ հենց Մարտակերտ քաղաքի և շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումն իրականացնել առանց Ադրբեջանի հետ համապատասխան պայմանավորվածությունների: Նրանք էլ չեն կարող Սարսանգի ջուրը օգտագործել Աղդամի շրջանում կամ մի ուրիշ տեղ՝ առանց մեզ հետ համագործակցելու:
Եթե բանակցություններն արդյունք տան, Մարտակերտի շրջանում ոռոգման տակ կանցնի 5 հազար հեկտար հողատարածք: Առայժմ կողմերը քննարկում են գործակցության հնարավորությունները:
Գեորգի Հայրիյան - Համատեղ օգտագործելու ամենամեծ հարցն այն է, որ 30 տարի չի օգտագործվել աջակողմյան ջրատարը, գտնվում է շատ վատ վիճակում, և կապիտալ ներդրումներ պիտի իրականացվեն: Դա ամիսների գործ չէ, հնարավոր է՝ տարիների գործ դառնա: Սակայն անհրաժեշտությունը շատ մեծ է՝ ինչպես մեզ համար, այնպես էլ իրենց համար: Հիմա քննարկում ենք նախագծային տարբեր մոտեցումներ, թե ինչ ձևով կարելի է դա իրականացնել:
Արցախի ջրային կոմիտեի նախագահի խոսքով՝ սա չի նշանակում, թե էլեկտրաէներգիայի համար օգտագործվող Սարսանգի ջրամբարի նշանակությունը կլինի երկրորդական: Հիդրոկայանը կաշխատի նույն ռեժիմով: