Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարեկան պլանային ստուգումներ է իրականացնում նախակրթական, հանրակրթական ուսումնական հաստատություններում: Որոշ դպրոցներում արդեն սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել:
Աննա Հարությունյան (ՀՀ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ) - Հիմնական խախտումները չունեն մեկուսարան, չունեն բուժկետ կամ եթե ունեն, բուժկետը համալրված չէ անհրաժեշտ գույքով և դեղորայքով: Շատ հաճախ նստարանները չեն համապատասխանում տարիքային կազմին, և մանկապարտեզներում շատ հաճախ չկան մակնշումներ, այսինքն՝ առանձնացված չեն յուրաքանչյուր երեխայի համար իր անհատական օգտագործման առարկաները:
Սանիտարահիգիենիկ նորմերը խախտած ուսումնական հաստատություններին ողջամիտ ժամկետում թերությունները վերացնելու կարգադրագրեր են տրվել, չշտկելու դեպքում կկիրառվի վարչական տույժ:
Աննա Հարությունյան - Ժամկետի ավարտից հետո մենք նայում ենք նաև կարգադրագրի կատարողականը՝ արդյոք կատարե՞լ են մեր կողմից տրված առաջադրանքները, թե՞ ոչ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ տեսչական մարմնից հիշեցնում են՝ ուսումնական հաստատությունների միջին բուժաշխատողները պետք է ամենօրյա աշխատանքներ իրականացնեն սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ:
Աննա Հարությունյան - Տկարություն, ջերմություն, հազ, շնչառության վատացում. եթե նման ախտանշաններ հայտնաբերվում են, ուրեմն պետք է անպայման երեխաներին մեկուսացնել, կամ եթե ուսուցիչների մեջ է, աշխատակազմի անդամ է, մեկուսացնել և դիմել պոլիկլինիկական ծառայություններին:
Հիշեցնում է՝ պետք է դասամիջոցներին ապահովվի դասասենյակների օդափոխությունը:
Աննա Հարությունյան - Անպայման պետք է օրական երկու անգամ իրականացվի խոնավ մաքրում, ընդ որում՝ մեկ անգամը՝ անպայման գույքի տեղաշարժով, և եթե վարակի շրջանի բուռն շրջան է՝ այդ ժամանակ արդեն համահունչ սանիտարական նորմերին:
Տեսչական մարմնի հորդորն է ծնողներին՝ վատառողջ երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ՝ վարակի տարածումից խուսափելու համար: