Աֆղանստանում ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանը բարձրացնում է իր ռազմակայանների մարտունակությունը Տաջիկստանում և Ղրղզստանում՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՇՀԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ «Աֆղանստանում իրավիճակը մնում է լուրջ մարտահրավեր Կենտրոնական Ասիայի անվտանգության համար, որտեղ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ալ Քաիդան», ավելի ակտիվ են դառնում»:
«Շարունակվող զինված դիմակայության ֆոնին երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, կրոնական արմատականության գաղափարախոսություն է սերմանվում, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու անդրսահմանային հանցագործությունները ծաղկում են»,- ասել է նախարարը։
Ռուսաստանը, ընդգծել է նա, ողջունում է աֆղանական կարգավորման ցանկացած միջազգային նախաձեռնություն, միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար։