ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԿԱՏԱՐՎԵՆ. ՇՈՅԳՈՒ
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Սերգեյ Շոյգուն հայտարարել է՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կկատարվեն: «Դրա տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, նպատակն է՝ նվազագույնի հասցնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Նրա համոզմամբ՝ Կիևին արևմտյան զենքի մատակարարումը բազմապատկում է զոհերի թիվը և երկարաձգում հակամարտությունը:
Շոյգուն հայտնել է նաև, որ Աֆղանստանում իրավիճակի վատթարացման ֆոնին Ռուսաստանը բարձրացնում է Տաջիկստանում և Ղրղզստանում իր բազաների մարտունակությունը:
Նա առաջարկել է դեկտեմբերին Մոսկվայում անցկացնել Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը՝ քննարկելու կոալիցիոն անվտանգության մի շարք հարցեր։
ՄԵՆՔ ԱՄԲՈՂՋ ՃԱԿԱՏԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆՔ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմում ամենաբարդ փուլն արդեն անցյալում է՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
«Մենք ամբողջ ճակատի կայունացման փուլում ենք, զսպման արդյունավետ միջոցներ ենք կիրառում»,- ընդգծել է Ալեքսի Ռեզնիկովը:
Նրա կարծիքով՝ այժմ ամենավտանգավորն այն է, որ միջազգային հանրությունը հոգնել է պատերազմից: «Ես դա անվանում եմ հոգնածության համախտանիշ, կարևոր է խոսել բոլորի հետ և պայքարել այդ սպառնալիքի դեմ»,- նշել է Ռեզնիկովը:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին միջազգային բոլոր հարթակներում՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո։
Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների բարելավումը և մոտ ապագայում դիվանագիտական հարաբերությունների ամբողջական վերականգնումը կարող են նպաստել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը։
«Պաղեստինի անկախ պետության ձևավորումն անհրաժեշտություն է, դա կօգնի կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ պաղեստինյան իշխանությունները ողջունում են Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը և հանդես գալիս երկխոսության շարունակման օգին։
Աբբասն ուղղակիորեն չի անդրադարձել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների զարգացմանը, նա շնորհակալություն է հայտնել Անկարային պաղեստինցիներին ցուցաբերած աջակցության համար։
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
Իրանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ՝ մարտական ավելի քան 150 անօդաչու թռչող սարքի ներգրավմամբ։ Իրանի ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային և հակաօդային պաշտպանության ուժերի մասնակցությամբ վարժանքները ներառում են Պարսից և Օմանի ծոցերից մինչև Իրանի հյուսիս և արևմուտք ընկած տարածքները:
Իրանական կողմի տվյալով՝ զորավարժության նպատակն է կատարելագործել զինվորականների ուսուցման մեթոդաբանությունը, բարձրացնել մարտական պատրաստականությունը և զարգացնել զսպման կարողությունները:
ԱՔԱՐԸ ԵՎ ՕՍԹԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարներն անդրադարձել են նաև Ուկրաինայում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման հնարավորությանը։
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՎ ԴԱՐՉԻԱՇՎԻԼԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԻՆ
Տեղի է ունեցել նաև Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Կողմերն անդրադարձել են Բորժոմում բռնկված հրդեհին։ Չավուշօղլուն վրացի գործընկերոջն առաջարկել է Անկարայի օգնությունը։
Վրաստանի Բորժոմ առողջարանային քաղաքում արդեն մի քանի օր է՝ փրկարարները չեն կարողանում մարել անտառային հրդեհները։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դրանք դժվարանում են չոր եղանակի և ուժեղ քամու պատճառով: Այդ աշխատանքներին մասնակցում են նաև զինվորականներ։ Այսօրվանից վրացական կողմին կրակի դեմ պայքարում կօգնեն նաև թուրքական հրշեջ ինքնաթիռները: