«Վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում իրենց ուժերն են չափում ավելի քան 130 մասնակից՝ 4 տարիքային խմբում: Մրցաշարի անցկացման վայր ընտրվել է Շողակաթ համայնքի հարակից լողափը: Ապահովված են անվտանգության բոլոր միջոցառումները: Ամբողջ ընթացքը վերահսկում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ոստիկանության և «Շտապօգնություն» ծառայողները: Սևանա լճում անցկացվող մրցաշարի ամենատարեց մասնակիցը 81-ամյա Հակոբ Թութունջյանն է:
Հակոբ Թութունջյան («ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի մասնակից) - Ես ահավոր շատ էի ծխում: Երբ շպրտեցի, ինձ զբաղմունք էր պետք: Վազում էի: Հեծանիվ էի քշում: Իմ տարիքի մարդ մենակ ես եմ մնացել:
Արթուր Հովհաննիսյան («ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի գլխավոր մրցավար) - Կանանց 18-35 տարեկան տարիքային խմբում գրանցվել է 12, 36-ից բարձր տարիքային խմբում՝ 21 մասնակից: Տղամարդկանց 18-40 տարեկան տարիքային խմբում գրանցվել է 31, 41-ից բարձր տարիքային խմբում` 36 մասնակից:
Մրցավարական կազմը բաղկացած է 20 հոգուց, բոլորը նախկինում պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել, հիմա էլ մարզիչ են աշխատում:
Մասնակիցները լողում են 25 մետր դեպի խորքը, այնուհետև շրջվում լողուղի և փորձում հաղթահարել նախատեսված տարածությունը: Տղամարդկանց համար 1500 մետր է, կանանց համար՝ 1000:
1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար դրամական մրցանակներ են նախատեսված: Առաջին տեղ՝ 1.000.000, 2-րդը՝ 600.000, 3-րդը՝ 400.000, 4-րդը՝ 150.000, 5-րդ տեղ՝ 100.000 և 6-10-րդ տեղերը՝ 75.000 դրամ: Լողի մրցաշարն առաջին անգամ է անցկացվում, «Վարչապետի գավաթ» մրցաշարերի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ անցած տարվանից հետո որոշել են այս տարի ևս կազմակերպել ու մարզաձևերի ցանկն ընդլայնել:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ի սկզբանե ծրագրված էր, որ «Վարչապետի գավաթ» մասսայական միջոցառումները պետք է լինեն չորս տարվա ընթացքում, բայց այս տարի վարչապետի հրահանգով ու ցանկությամբ մենք անցկացրել ենք դպրոցականների թիմային խճուղավազք, որը շատ լավ է անցել, ու կրկին վարչապետի ցանկությամբ մյուս տարի ճամբարային ենք անելու:
Կազմակերպիչների դիտարկմամբ՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերը ցույց տվեցին, որ առողջ ապրելակերպի սիրահարները, անկախ տարիքից, շատ են: Վարչապետը նախ շնորհավորեց Անկախության հռչակագրի օրվա առիթով, այնուհետև մասնակցեց պարգևատրման արարողությանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նպատակն էլ հենց դա է` ցույց տալ կապը օրվա իրադարձության, քաղաքացու, անհատի միջև, և ցույց տալ ապրելու, արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը և ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներ իրագործելու: Ավելի քան 130 մասնակից ունենալը չնայած քիչ չէ, բայց մեր խնդիրն այն է, որ հաջորդ տարի ավելի շատ մասնակցեն: Մեր հաջորդ խնդիրն է այս միջոցառմամբ ուշադրություն գրավել Սևանա լճի և նրա զբոսաշրջային հնարավորությունների վրա, մասնավորապես այս ափի՝ արևելյան ափի վրա մեր ուշադրությունը հրավիրել, նաև հնարավորություն ստեղծել, որ մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ իրենց ուժերը փորձեն:
Առջևում ևս մեկ մրցաշար է սպասվում: Սեպտեմբերի 20-ին Փարաքար-Էջմիածին մայրուղու 10 կմ հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը, որին ևս մեծ մասնակցություն է ակնկալվում: