ԿԱՅԱՑԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը՝ հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի: Արտգործնախարարները քննարկել են նաև առկա գործակցության ընդլայնման հնարավորությունները։
ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Վաշինգտոնը մտադիր է հայտարարել Կիևին 3 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնության մասին՝ հայտնում է Associated Press-ը։ Աջակցությունը կտրամադրվի Ուկրաինայի անկախության օրվա առթիվ՝ օգոստոսի 24-ին։
Անկախության օրվա կապակցությամբ Ուկրաինայի ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին։
«Փետրվարի 24-ից ի վեր մենք Ուկրաինային ավելի շատ պաշտպանական զենք ենք մատակարարել, քան եվրոպական ցանկացած այլ երկիր, Բրիտանիայում ընդունել ենք շուրջ 100.000 ուկրաինացու»,- ասել է Ջոնսոնը։
Reuters գործակալության տվյալով՝ Կիևին օգնության մասին է հայտնել նաև Գերմանիայի կանցլերը։ Օլաֆ Շոլցի խոսքով՝ նախատեսվում է ավելի քան 500 միլիոն եվրոյի լրացուցիչ սպառազինություն մատակարարել Ուկրաինային։ Նշվում է, սակայն, որ այդ սպառազինությունը Կիևին կտրամադրվի 2023 թվականին։
Ժամանակն Ուկրաինայի օգտին չի աշխատում, ուստի կգործադրվեն բոլոր ջանքերը նրան ռազմական աջակցություն տրամադրելու հարցում։ Այս մասին էլ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունները համակարգող Ջոն Քիրբին, հավելել՝ դա ԱՄՆ-ի առաջնահերթություններից է։
ՂՐԻՄՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍ Է. ՔԱԼԸՆ
Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս՝ համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Անկարայի դիրքորոշումն 2014 թվականից ի վեր չի փոխվել: Ղրիմը ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր ցանկացած համաձայնագրի հիմքում»,- մանրամասնել է նա:
Վոլոդիմիր Զելենսկին էլ Ղրիմի հարցով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային ցանկացած միջոցով։
«Մենք կանենք դա այնպես, ինչպես ճիշտ համարենք՝ առանց այլ երկրների հետ խորհրդակցելու»,- շեշտել է նախագահը։
Զելենսկին նաև հավատացրել է, որ թույլ չի տա մինսկյան համաձայնագրերի կրկնությունը, որոնք միայն կարճ ժամանակով կանգնեցրին հակամարտությունը. «Ոչ ոք չի հավատում հրադադարին, որն ընդամենը կսառեցնի իրավիճակը»,- ընդգծել է նա։
Ղրիմի հարցով հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի ԱԳ նախարարը. Գաբրիելիուս Լանդսբերգիսն զգուշացրել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին կարող են թույլ չտալ մուտք գործել Բալթյան երկրներ, եթե նրանք դեմ չարտահայտվեն Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին և Ղրիմը չճանաչեն որպես Ուկրաինայի տարածքի մաս։
ԾՈՎԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինական հացահատիկի արտահանման համար ստեղծված ծովային միջանցքը արդյունքներ է գրանցում՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Տասնյակ նավեր արդեն դուրս են եկել նավահանգիստներից, անում ենք հնարավորը՝ արագացնելու այդ գործընթացը»,- վստահեցրել է նախագահը։
Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնն էլ հայտարարել է, որ թույլ է տվել ևս երկու նավի մեկնել Օդեսայի նավահանգստից. դրանք, ընդհանուր առմամբ, տեղափոխում են ավելի քան 46 հազար տոննա պարենամթերք։ Այսօր նախատեսվում է ստուգել ինը նավ:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով Բաքվում է: Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկու երկրի նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Բանակցությունների ավարտին պետությունների միջև նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։